Հոկտեմբերի 11-ին, ժամը 11:30-ին, բացվեց «Դինամո Թբիլիսի»-ի պատանեկան ֆուտբոլային փառատոնը, որին մասնակցում են Սամցխե-Ջավախքի վեց մունիցիպալիտետների թիմերը: Հոկտեմբերի 11-ին և 12-ին կայանալիք խաղերի լավագույն խաղացողները կընտրվեն Սամցխե-Ջավախեթիի մարզային
«Դինամո» թիմի համար՝ միջազգային մակարդակով հետագա առաջխաղացման համար:
Առաջին օրը կխաղան Սամցխե-Ջավախքի տարբեր մունիցիպալիտետների 2013-2014 թվականներին ծնված թիմերը, իսկ երկրորդ օրը՝ 2015-2016 թվականներին ծնված թիմերը: Փառատոնին մասնակցում է ընդհանուր առմամբ վեց թիմ:
«Դինամո ակադեմիա»-ի նախագծի մարզային մենեջեր Գիա Իսիանին բարձր գնահատեց Ախալքալաքի հյուրընկալությունը և շնորհակալություն հայտնեց մունիցիպալիտետին:
«Սա մեր չորրորդ փառատոնն է այս շրջանում: Մենք երկու անգամ եղել ենք Ախալցիխեում, մեկ անգամ՝ Նինոծմինդայում, իսկ հիմա եկել ենք Ախալքալաք։ Մեր նախագիծը ներկայացված է Վրաստանի 30 մունիցիպալիտետներում, և ամենուրեք մեծ հետաքրքրություն կա։ Եվ ամենակարևորը՝ տեղական իշխանություններն անընդհատ աջակցում են մեզ, աջակցում են երեխաներին, աջակցում են սպորտին, առողջության և ֆուտբոլի խթանմանը», — ասաց նա։
Գիա Իսիանիի խոսքով՝ անկախ նրանից, թե որ թիմերն են հաղթում, ակադեմիայի ներկայացուցիչները խաղի ընթացքում նշումներ են անում խաղացողների մասին և ընտրում։
«Մենք ուզում ենք, որ այս երեխաները խաղան Կվարացխելիայի, Մամարդաշվիլիի, Զուկայի, Չակվետաձեի և Կիտեիշվիլիի նման։ Նրանք մեծացել են մեզ մոտ, նրանք նույնչափ փոքր էին, ճիշտ էին մարզվում և դարձել են հիանալի ֆուտբոլիստներ։
Սա Դինամո Թբիլիսիի պաշտոնական դպրոցն է։ Նրանք՝ մարզիչները, պետք է իրենց պահեն մարզչի պես, ինչպես պահանջում է Դինամոն», — ասաց Իսիանին։
Նա նաև հավելեց, որ անցյալ տարի ընտրված խաղացողները մարտ ամսին արդեն ցուցադրել են իրենց հմտությունները միջազգային մրցումներում։ Անցյալ տարի Ախալքալաքից նույնպես երկու խաղացող է ընտրվել, բայց նրանք չեն կարողացել միանալ վնասվածքների պատճառով։
«Կեսը ֆինանսավորվում է Դինամո Թբիլիսիի կողմից, կեսը՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Ստացվում է, որ ծնողները ոչինչ, ոչ մի կոպեկ չեն վճարում։
Մենք 870-ից ընտրում ենք 12 խաղացողի: Կարո՞ղ եք պատկերացնել: 870-ից: Մրցակցություն: Եվ դա նրանց մոտիվացնում է, դա նրանց մոտիվացնում է ապագա ունենալ Դինամոյում», — մեկնաբանեց նախագծի ղեկավար Գիա Իսիանին։
Երկու տարի շարունակ Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբն Ախալքալաքում և Նինոծմինդայում աշխատում է ֆուտբոլը զարգացնելու և տաղանդներ բացահայտելու ուղղությամբ: Ակումբը փառատոններ է անցկացնում՝ ավելի շատ երիտասարդ տաղանդներ ներգրավելու, ինչպես նաև այդ փառատոների միջոցով լավագույն խաղացողներին ընտրելու համար:
2013-2014 թվականներին ծնված խաղացողներով թիմերից փառատոնի արդյունքում կընտրվեն խաղացողներ, ովքեր կընդգրկվեն Սամցխե-Ջավախեթիի մարզային թիմում։ Այնուհետև այս թիմը կխաղա այլ մարզային թիմերի դեմ՝ վերջնական արդյունքում ընտրելով բոլոր մարզերի լավագույն խաղացողներին՝ «Դինամո» թիմը կազմելու և 2026 թվականին Եվրոպայում կայանալիք միջազգային մրցաշարին մասնակցելու համար։
«Դինամոն» համագործակցում է Ախալքալաքի մարզադպրոցի հետ, որտեղ մարզվում են երիտասարդ ֆուտբոլիստներ։ Մարզադպրոցը Ախալքալաքում անցկացնում է մարզումներ՝ օգտագործելով ակումբի մեթոդաբանությունն անցյալ տարվա՝ 2024 թվականի սկզբից։
Ախալքալաքի մարզադպրոցը խրախուսում է քաղաքի և գյուղերի բնակիչներին հոկտեմբերի 11-ին և 12-ին գալ կենտրոնական մարզադաշտ՝ երիտասարդ ֆուտբոլիստներին աջակցելու համար։