Այսօր՛ սեպտեմբերի 15-ին Ախալքալաքի դպրոցներում հնչեց առաջին զանգը, աշակերտները գեղեցիկ հագնված, բարձր տրամադրությամբ սկսեցին 2025-2026 ուսումնական տարին, գեղեցիկ տեսքը և բարձր տրամադրությունը ապահովելու համար ծնողները պատրաստվում էին մոտ 1 ամիս:
Ախալքալաքի շուկայի նախադպրոցական եռուզեռը մոտեցավ ավարտին։ Մոտ 10 օր է շուկան մարդաշատ էր, փողոցներում առևտրականները տաղավարների վրա դասավորել էին այս ժամանակաշրջանում ամենապահանջվածը՝ գրենական պիտույքները։
Գրենական պիտույքներ, հագուստ, կոշիկներ, պայուսակներ… Առևտուրը բավականին ծախսատար և ժամանակատար է, հատկապես այն ծնողների համար, ովքեր ունեն մի քանի դպրոցական։
«Երեխաներին պետք է նախապատրաստել դպրոցի համար։ Քանի որ դպրոցներում չեն կրում դպրոցական համազգեստ, ամենաժամանակատարը և ծախսատարը հարմար և համապատասխան հագուստ գտնելն է։ Առաջին երեխաս նոր է գնում դպրոց, և դպրոցական առևտրի համար ծախսել եմ մոտ 300-350 լարի», — ասաց մի ծնող, ով ցանկացավ անանուն խոսել։
Նա նշեց, որ դպրոցից երեխաները ստանում են համակարգիչ և դասագրքեր։
«Դպրոցական դասագրքեր չենք գնում, դպրոցն է տալիս։ Մենք գնում ենք մնացած պարագաները», — ավելացրեց մեր զրուցակիցը։
Երեխաների տրամադրվածության մասին խոսելիս ծնողը նշեց, որ սկզբում երեխայի մոտ եղել են վախեր, բայց հետո տեսնելով դպրոցական իրերը ոգևորվել է։
«Սկզբում չէր ուզում գնալ, հետո կամաց-կամաց մտափոխվեց։ Շատ ոգևորվեց, երբ գնեցինք տետրեր, գրիչներ, մատիտներ»։
Մյուս ծնողը, ում հետ խսեցինք, 2 դպրոցական երեխաների մայր է։ Նա ասաց, որ բավականին ծախսատար է 2 դպրոցականի առևտուրը։
«Բացի դասագրքերից երեխաների համար գնում ենք ամեն բան՝ գրենական պիտույքներ, հագուստ, կոշիկներ։ Ծախսել եմ մոտ 500 լարի։ Այս տարի չեմ գնել միայն պայուսակներ, քանի որ անցած տարի գնել էի, և այս տարի էլ կարող են օգտագործել», — ասաց ծնողը։
Ժամանակի մասին խոսելիս ծնողը նշեց, որ առևտուրը սկսել է դեռ մեկ ամիս առաջ։
«Արդեն մոտ մեկ ամիս է պատրաստվում եմ։ Շատ բաներ պատվիրել եմ համացանցից, որ խնայեմ ժամանակս, — ասաց նա, և կատակելով ավելացրեց․ — Չեմ սիրում մարդաշատ շուկան, լավ է ինտերնետով պատվիրեմ»։
Առաջին դասարանցիների ծնողների համար ծախսերը չեն սահմանափակվում հագուստով ու գրենական պիտույքներով, քանի որ այսօր նրանց տուն են գալու շնորհավորելու բարեկամները և ծանոթները: Թե որ գյուղերում առաջին զանգը շնորհավորելու ինչ ավանդույթներ կան, կարդացեք մեր հաջորդ նյութում: