Այսօր՝ հուլիսի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ, Բուզավեթ և Մոդեգամ գյուղերում տրվեց գազամատակարարման մեկնարկը և պաշտոնապես վառվեց խորհրդանշական կրակը։ Ինչը դարձավ գյուղի բնակիչների համար երկար տարիներ սպասված ու խիստ անհրաժեշտ իրադարձություն։ Այսուհետ, Աբուլ գյուղի ավելի քան 100, Բուզավեթում՝ 35, Մոդեգամում ևս 35 ընտանիք կկարողանա օգտվել բնական գազից՝ բարելավելով իրենց կյանքի որակն ու կենցաղային պայմանները:
Մարդիկ մեծ ոգևորությամբ և ուրախությամբ մասնակցեցին իրենց գյուղերում գազամատակարարման ընթացքի պաշտոնական արարողությանը։ Գյուղացիները շնորհակալություն էին հայտնում տեղական ինքնակառավարական մարմինների ներկայացուցիչներին և բոլոր հովանավորներին: Վերոնշյալ երեք գյուղերում գազամատակարարումն իրականություն դարձավ SJGC ընկերության և այս գյուղերից բարերարների շնորհիվ։
SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի խոսքով, այս գյուղերը լիարժեք պատրաստ են գազամատակարարումն սկսելու:
«Պարզապես այս պահի դրությամբ որոշ կարգավորումներ կան փաստաթղթերի հետ կապված, պետք է հավաստագիր ստանանք, մոտ մեկ ամսից արդեն ամբողջությամբ պատրաստ կլինի ամեն բան: Ծրագիրը իրականացրել ենք համատեղ՝ մեր ընկերության և հովանավորների աջակցությամբ», — ասաց նա:
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը Jnews-ի հետ զրույցում նշեց, որ սա շատ կարևոր նախագիծ էր, որն այսօր իրականություն դարձավ, նրա խոսքով 21-րդ դարում շատ կարևոր է, որ մարդիկ ապրեն ավելի հարմարավետ և բարեկեցիկ պայմաններում:
«Այսօր մեր բարձրլերնային գյուղերը հնարավորություն ստացան բնական գազից օգտվելու և երկար սպասված այդ հնարավորությունն ունենալու», — ասաց նա:
Աբուլ գյուղի բնակիչներից Բագրատ Ղարախրխզյանն ասաց, որ ամեն ընտանիք վճարել է 1200 լարի, գազը տուն հասցնելու համար:
«Գազը հացի պես բան է, դրա առկայության դեպքում մարդկանց գործը կթեթևանա, կյանքը կհեշտանա», — ասաց նա Jnews-ի հետ զրույցում:
Մարդիկ Բուզավեթ գյուղում կրկանի ուրախ էին, նրանք միաժամանակ նշում էին երկու առիթ՝ բնական գազն ու ինտերնետը վերջապես հասել է իրենց գյուղ։ Այս գյուղում առանձնակի ոգևորությամբ էին պատրաստվել։
Այս նախաձեռնությունը ոչ միայն կբարելավի Աբուլ, Բուզավեթ և Մոդեգամ գյուղերի բնակիչների կենցաղային պայմանները, այլ նաև կնպաստի միգրացիոն հոսքերի նվազեցմանը՝ գյուղը դարձնելով ապրելու համար ավելի հարմարավետ։