Հուլիսի 14-ին, Վրաստանի հանրային դպրոցներում անցկացվեց հոգաբարձուների խորհրդի ընտրություններ։
Հոգաբարձուների խորհրդի անդամներ են ընտրվում աշակերտների ծնողներն ու ուսուցիչները՝ հավասար թվով, միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնակառավարման կողմից ընտրված 1 ներկայացուցիչ և նախարարության կողմից նշանակված 1 ներկայացուցիչ։ Խորհուրդը կարող է ունենալ 6-ից 12 անդամ:
Ընտրություններն անցկացվում են գաղտնի քվեարկությամբ։
Վրաստանում հուլիսի 14-ը բոլոր ուսուցիչների համար հայտարարած էր աշխատանքային օր, հետևաբար, հանրակրթական դպրոցի ուսուցիչների ներկայությունն ընտրություններին պարտադիր էր։
Etaloni.ge կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝, ուսուցչի անհարգելի բացակայության դեպքում աշխատավարձից կլինեն պահումներ։ «Ինչպես Etaloni-ին հայտնել են Կրթության և գիտության նախարարությունից․ «Հուլիսի 14-ը հայտարարված է պաշտոնական աշխատանքային օր, և եթե ուսուցիչն արձակուրդում չէ, նրա բացակայությունն ընտրություններին կարող է նաև արտացոլվել նրա աշխատավարձի վրա»»:
Հոգաբարձուների խորհուրդը կարևոր օրգան է ցանկացած հանրակրթական դպրոցի համար, բացի ուսուցիչներից, ծնողների մասնակցությունը նույնպես պարտադիր է։
Այս թեմայով Jnews-ը զրուցել է մի ծնողի հետ, ում երեխաները սովորում են Ախալքալաք քաղաքի դպրոցներից մեկում։ Նա ցանկացավ անանուն մնալ։
«Գնացի, պատերին փակցված էր երեխաներիս համարները, տարբեր դասարանների՝ մինչև 6-րդ դասարան և 6-ից բարձր։ Նայեցի, գտա համարները և գնացի ներս»։
Նա նաև պատմեց, որ տարբեր աստիճանների համար տարբեր թեկնածուներ կային, և քանի որ ինքը 2 աշակերտի ծնող է, իրեն 2 ընտրաթերթիկ են տվել։
«Թղթերը տվեցին, առանձին-առանձին 2 ընտրաթուղթ, յուրաքանչյուրի մեջ 3 ծնող էին։ Ընտրեցի, ծալեցի և գցեցի արկղի մեջ»։
Ծնողը վստահեցրեց, որ իր ընտրության վրա ոչ ոք չի ազդել, նախօրոք որևէ ուղղորդում, որևէ մեկի կողմից չի եղել։
Շատերը հոգաբարձուների խորհրդի ընտրություններին մասնակցում են, ընտրվում են խորհրդի անդամ կամ ընտրում, բայց այդպես էլ մինչև վերջ չեն հասկանում իրենց դերը խորհրդի գործառույթներում։
«Դպրոցական տարիներիս մոտ 2 տարի եղել եմ աշակերտների խորհրդի նախագահ, բայց այդ 2 տարվա ընթացքում չհասկացա, թե ի՞նչ է դա, ո՞րն է իմ պարտականությունը։ Երբ դարձա ուսանող, ուսումնասիրեցի մանկավարժությունը, դպրոցը իր բաղկացուցիչ մասերով, հասկացա աշակերտների խորհորի գործառույթը և հոգեբարձուների խորհրդի կարևորությունը։ Մինչ այդ, երբ ինձ ասեցին, որ ես եմ լինելու խորհրդի նախագահ, ուրախացա, հարցրեցի թե ի՞նչ է դա և ի՞նչ եմ անելու, բայց այդպես էլ պատասխան չստացա», — մեզ հետ զրույցում պատմեց Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներից մեկում դասավանդող ուսուցիչը։
Մեր զրուցակցի խոսքով, շատերը մասնակցում են ընտրություններին և ընտրվում, նույնիսկ չգիտակցելով հոգաբարձուների խորհրդի կարևորությունը։
«Գիտեմ ինչքան կարևոր օրգան է հոգաբարձուների խորհուրդը, մասնակցեցի ընտրություններին։ Ծնողներն էլ էին գալիս ընտրում ու գնում։ Նկատեցի, որ շատերը չգիտեին թե ինչ է դա, մասնակցում են, ընտրում, կատարում իրենց «պարտքը» և գնում տուն։ Ցավալի է, որ անգամ թեկնածուները՝ ընտրվողները չգիտեն թե ի՞նչ ընտրություն է կամ ինչի՞ համար է։ Մի ստորագրությամբ հաստատում են իրենց ընտրվելը և վերջ, մոռանում են ստանձնած պաշտոնի մասին մինչև հաջորդ ընտրություններ», — ասաց նա։
Հոգաբարձուների խորհուրդը ունի բազում գործառույթներ, այդ թվում՝ ընտրում է դպրոցի տնօրենինն՝ անդամների մեծամասնությամբ, դպրոցի տնօրենի առաջարկությամբ հաստատում է դպրոցի բյուջեն, ինչպես նաև հաստատում է տնօրենի կողմից կազմված տարեկան հաշվետվությունը և ապահովում դրա հրապարակայնությունը, հաստատում է դպրոցի ներքին կանոնակարգը՝ դպրոցի տնօրենի առաջարկությամբ և այլն։