նորություններ 4 Հուլիսի, 2025 • Ախալքալաքի մի շարք գյուղերում գազի բացակայությունը շարունակում է խնդիր մնալ

Ախալքալաքի մունիցիպալիտետում գազիֆիկացման գործընթացը դեռևս չի ընդգրկել բոլոր բնակավայրերը՝ հարյուրավոր ընտանիքների թողնելով բարդ ու ծախսատար ընտրությունների առջև: Մունիցիպալիտետի Սուլդա, Դադեշ և Կարծախ գյուղերը մինչ օրս գազֆիկացված չեն։

Ձմռան ամիսներին, երբ ջեռուցումը կենսական անհրաժեշտություն է, գազ չունեցող ընտանիքները ստիպված են օգտվել էլեկտրաէներգիայից, վառելափայտից կամ աթարից։ Էլեկտրաէներգիայի բարձր սակագները շատերի համար դարձել են շքեղություն, իսկ փայտով ջեռուցումը՝ թե՛ թանկ, թե՛ ֆիզիկապես ծանր՝ հատկապես տարեցների համար։

«Տարիներն իրար հետևից անցնում են, բայց գազի հարցը չի լուծվում։ Ձմռանը մի քանի ամիս մենք կամ սառչում ենք, կամ մեծ գումար ենք ծախսում, որպեսզի տաքացնենք տունը», — ասում է Կարծախ գյուղի բնակիչը։

Բացի ջեռուցումից, գազի բացակայությունը նաև խոհանոցային խնդիրներ է առաջացնում։ Շատերը ստիպված են օգտագործել գազի բալոններ՝ ճաշ պատրաստելու համար, ինչը բնական գազի համեմատ շատ ավելի թանկ է։

SJGC ընկերությունը ներկայումս զբաղված է Սուլդա, Դադեշ և Կարծախ գյուղերի գազիֆիկացման նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի մշակմամբ։ Ըստ ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի, աշխատանքներն այս պահին դեռ նախապատրաստական փուլում են, և վերջնական որոշում նախագծերի իրականացման վերաբերյալ առայժմ չկա։

«Սուլդա, Դադեշ և Կարծախ բնակավայրերի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի պատրաստման գործընթացում ենք։ Այս փուլում հստակ ասել, թե արդյոք աշխատանքները կիրականացվեն, չենք կարող։ Ժամանակը ցույց կտա։ Եթե փաստաթղթերը պատրաստ լինեն ժամանակին և ստանանք համապատասխան թույլտվությունները, ապա աշխատանքներն իրականություն կդառնան», — նշեց Բերիկյանը։

Ըստ նախնական հաշվարկների՝ Սուլդա, Դադեշ և Կարծախ գյուղերում մեկ սպառողի վրա գազիֆիկացման ծախսը կկազմի մոտ 2500 լարի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝