Ախալքալաքի քաղաքում շարունակական անձրևների հետևանքով լուրջ վնասներ են կրել 14-րդ զինվորական գորոդոկի թիվ 8 շենքի բնակիչները։ Մասնավորապես, ավելի քան մեկ շաբաթ առաջ շենքի տանիքը քանդվել է վերանորոգման նպատակով, սակայն աշխատանքները չեն ավարտվել, իսկ բնակիչները մնացել են անմիջական անձրևի տակ։
Բնակիչների խոսքերով՝ անձրևից մի քանի ժամ առաջ աշխատողները եկել են, ժամանակավոր ծածկ գցել տանիքի վրա և հեռացել։ Սակայն ուժեղ քամու հետևանքով այդ ժամանակավոր ծածկն ամբողջությամբ պոկվել է, ինչի պատճառով երկու օր առաջ տեղացած անձրևները հեղեղել են ամբողջ շենքը՝ վնասելով կահույքը, էլեկտրասարքերը և կենցաղային գույքը։
Տուժած բնակիչներից Վարդանյան Շահենն ասում է․
«Քաղաքապետարանից եկան, քանդեցին տանիքը ու խոստացան շուտով նորը դնել։ Անձրևից քանի օր անց մի թերթ վրան գցեցին ու գնացին։ Երեկ, երբ անձրևը սկսվեց, ամբողջ ջուրը հոսեց տուն։ Ջուրը լցվել էր սենյակները, էլեկտրականությունը կարճ միացրեց, երեխաները սարսափած էին։ Էս պահին մեր ամբողջ գույքը փչացած է, և ոչ ոք չի գալիս ստուգի կամ պատասխան տա»։
Թիվ 8 շենքի մեկ այլ բնակիչ Ռստակյան Արտավազդը շեշտում է․
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ աշխատանքները մի օրում չեն ավարտվում։ Բայց պիտի գոնե մտածեին՝ մինչև վերջ չանելիս չպետք է մարդուն թողնեին բաց երկնքի տակ։ Ոչ ոք չեկավ հարցնի՝ ապրո՞ւմ ենք, թե՞ ոչ։ Հիմա մեր ամբողջ բնակարանը խոնավ է, շնչելն անգամ դժվար է։ Մենք ուզում ենք ոչ թե մեղավոր փնտրել, այլ լուծում։ Խնդրում ենք, թող գան, վերականգնեն, ինչ կորցրել ենք»։
Բնակիչները պահանջում են շտապ միջոցներ ձեռնարկել՝ տանիքի վերանորոգումն անհապաղ ավարտելու և հասցված վնասը գնահատելու ու փոխհատուցելու համար։
Jnews-ը կապ հաստատեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի հետ։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը պատասխանատվություն չի կրում առաջացած վնասների համար։
«Մենք պատասխանատվություն չենք կրում։ Կատարող կազմակերպությունը պետք է աշխատանքներն այնպես կազմակերպեր, որ անձրևաջուրը չլցվեր տուն», — նշեց Մովսիսյանը։
Այնուհետև Jnews-ը կապ հաստատեց ՍՊԸ «Գոլդ 777» տնօրենի օգնական Վարդ Մոսոյանի հետ՝ պարզելու, արդյո՞ք ընկերությունը պատրաստվում է փոխհատուցել բնակիչներին պատճառած վնասը։ 14-րդ զինվորական գորոդոկի թիվ 8 շենքի տանիքը փոխում է ՍՊԸ «Գոլդ 777»։ Ընկերությունը էլեկտրոնային մրցույթը հաղթել է 137,077.68 լարիով։
«Սկզբնական շրջանում պետք է գնանք և տեղում գնահատենք իրավիճակը, որպեսզի հստակ պատկերացում կազմենք պատճառված վնասի չափի մասին։ Ես անձամբ մտել եմ մի բնակարան՝ տանիքում 2-3 տեղում ջրի անցք էր առաջացել։ Ամեն դեպքում՝ մենք պատրաստվում ենք իրականացնել փոխհատուցում։ Կձեռնարկվեն համապատասխան քայլեր, որպեսզի բնակիչները դժգոհ չմնան։ Տանիքի ամբողջական վերականգնումը կիրականացվի վաղը, իսկ փոխհատուցումները կտրվեն մի քանի օրվա ընթացքում», — ասաց Վարդ Մոսոյանը։
Ըստ էլեկտրոնային մրցույթի ՍՊԸ «Գոլդ 777» պետք է աշխատանքների իրականացումը սկսեր 2025 թվականի ապրիլի 15-ից և ավարտեր 50 օրացուցային օրվա ընթացքում՝ մինչև 2025 թվականի հունիսի 4-ը ներառյալ։
Բայց գրեթե մեկ ամիս է, ինչ աշխատանքների ավարտն ուշացել է։ Ընկերության տնօրենի օգնական Վարդ Մոսոյանի փոխանցմամբ՝ ուշացումը պայմանավորված է եղանակային անբարենպաստ պայմաններով, մասնավորապես՝ հաճախակի տեղացած անձրևներով։