Վրաստանում պարտադիր գենդերային քվոտաների վերացումը լուրջ մտահոգություններ է առաջացրել Հանրային պաշտպանի ինստիտուտի կողմից։ Իր 2024 թվականի զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը բացասական գնահատական է տվել այս որոշմանը՝ նշելով դրա հնարավոր բացասական հետևանքները կանանց մասնակցության համար երկրի քաղաքական կյանքում։
Վրաստանի ՄԻՊ 2024 թվականի հրապարակված և բոլորի համար հասանելի զեկույցում բացասական է գնահատվում պարտադիր գենդերային քվոտաների վերացումը։ Օմբուդսմենը խորհուրդ է տալիս վերանայել այս որոշումը։ Հաշվետու տարում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը շարունակել է մնալ էական խնդիր։ Ընտրական տարում արդիական էր կանանց քաղաքական կյանքում մասնակցության հետ կապված առկա իրավիճակը, որը, հաշվի առնելով գենդերային քվոտաների վերացումը, հարկ է գնահատել միանշանակ որպես բացասական։
Ընտրական ցուցակներում պարտադիր գենդերային քվոտաների ժամանակավոր մեխանիզմի վերացումը գենդերային հավասարության հասնելու ճանապարհին հետընթաց քայլ դարձավ։ Հանրային պաշտպանը արձագանքել է այս խնդրին հրապարակային հայտարարությամբ՝ նշելով նմանատիպ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ վերացնելու այն անտեսանելի խոչընդոտները, որոնց կանայք բախվում են ամեն օր։
Հանրային պաշտպանը բացասաբար է գնահատում գենդերային քվոտաների համակարգի վերացումը, քանի որ պարտադիր գենդերային քվոտաների մեխանիզմը քաղաքականության մեջ իրական գենդերային հավասարության հասնելու արդյունավետ միջոցներից մեկն է։ Կարևոր է, որ ՄԻՊ դիմումի հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը պատրաստել է իրավական կարծիք գենդերային քվոտաների վերացման հետ կապված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ՝ տալով դրանց բացասական գնահատական և համարելով դրանք անհամատեղելի մարդու իրավունքների միջազգային չափանիշներին` կապված քաղաքական և հասարակական կյանքում կանանց նկատմամբ խտրականության վերացման հետ:
Եզրակացության համաձայն՝ Վրաստանում գենդերային քվոտաները վերացնելու փոփոխությունների հիմնավորումը չէր հենվում կոնկրետ ապացույցների, տվյալների և փաստերի, գենդերային քվոտաների մեխանիզմների գործունեության խորը վերլուծության կամ հնարավոր այլընտրանքային արդյունավետ միջոցառումների վրա։
Նախարարություններ և ղեկավար պաշտոններ
Զեկույցի համաձայն՝ 2024 թվականի տվյալների հիման վրա, նախարարական պաշտոններում կանանց թիվը նույնպես ցածր է՝ ընդամենը 16.67%։ 2024 թվականի տվյալների համաձայն՝ գործադիր մակարդակում զբաղված կին մասնագիտական պետական ծառայողների ընդհանուր թիվը 76-ով (56.4%) գերազանցում է տղամարդկանց թվին, չնայած դրան, ղեկավար պաշտոններում զբաղված կանանց տոկոսը համեմատաբար ցածր է (45.7%)։
Ղեկավար պաշտոններում կանանց պակասից բացի, կանանց մասնակցությունը տեղական մակարդակով որոշումների կայացման գործընթացներին շարունակում է խնդրահարույց մնալ։ Որոշ դեպքերում սա պայմանավորված է որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու իրավունքի մասին իրազեկվածության պակասով, ինչպես նաև կանանց մասնակցությունը մեծացնելու նախաձեռնությունների կամ ծրագրերի բացակայությամբ։
Մունիցիպալիտետներ
Հատկանշական է, որ 2021 թվականից պարտադիր գենդերային քվոտայի ներդրման արդյունքում Վրաստանի ողջ տարածքում կանանց ներկայացվածությունը մունիցիպալ սակրեբուլոներում 2017 թվականի համեմատ աճել է 11%-ով՝ հասնելով 24.5%-ի։
Հաշվետվության համաձայն՝ 2017 թվականին Թբիլիսիի սակրեբուլոյում ընտրվել է 10 կին և 40 տղամարդ։ Ընտրությունների ընթացքում վաղաժամկետ դադարեցվել են քաղաքային խորհրդի 3 կանանց և 13 տղամարդկանց անդամների լիազորությունները, իսկ քաղաքային խորհրդի 3 կանանց և 8 տղամարդկանց անդամները փոխարինվել են։
2021 թվականին պատգամավորներ են ընտրվել 12 կին և 38 տղամարդ։ Ընտրությունների ընթացքում Սակրեբուլոյի 7 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։ Երեք կին և չորս տղամարդ պատգամավորներ փոխարինվել են։
Թբիլիսիից բացի, կանանց ներկայացվածությունն աճել է նաև այլ խոշոր քաղաքներում։ Թբիլիսիում 2021 թվականին կանանց ներկայացվածությունը 2017 թվականի համեմատ աճել է 20%-ով (10-ից մինչև 12), Քութայիսիում՝ 140%-ով (5-ից մինչև 12), Բաթումիում՝ 233%-ով (3-ից մինչև 10), Ռուսթավիում՝ 450%-ով (2-ից մինչև 11): Վերոնշյալ վիճակագրությունը ցույց է տալիս, որ թվաքանակի աճին չնայած, կանայք դեռևս թերներկայացված են ներկայացուցչական մարմիններում։
Գենդերային քվոտայի ազդեցությունը հատկապես նկատելի է որոշ մունիցիպալիտետներում, որտեղ կանայք կամ ընդհանրապես ներկայացված չեն, կամ ներկայացված են փոքր թվով։
Օրինակ՝ Մարնեուլիի մունիցիպալիտետում 2017 թվականին ոչ մի կին պատգամավոր չի ընտրվել, սակայն 2021 թվականին նույն մունիցիպալիտետի սակրեբուլոյում կանանց ներկայացվածությունն աճել է 700%-ով (ընտրվել է 7 կին պատգամավոր): Աբաշայում կանանց ներկայացվածությունն աճել է 400%-ով (1-ից մինչև 5), իսկ Քեդայում՝ 200%-ով (1-ից մինչև 3):
Նաև այն մունիցիպալիտետներում, որտեղ 2017 թվականին ընտրվել է ընդամենը 2 կին պատգամավոր, դինամիկան հետևյալն է՝ Կազբեգիի մունիցիպալիտետում կանանց ներկայացվածությունն աճել է 50%-ով, Ախալքալաքում, Նինոծմինդայում և Մեստիայում՝ 250%-ով, Ռուսթավիում՝ 450%-ով, Դեդոփլիսծղարոյում և Չխորոցղույում՝ 150%-ով, Շուախևիում՝ 50%-ով, Խուլոյում՝ 100%-ով և Դմանիսիում՝ 200%-ով։
«Դեռևս հայտնի չէ, թե քանի կին կընտրվի առաջիկա մունիցիպալ ընտրություններում։ Ակնհայտ է, որ քաղաքականության մեջ դեռևս ավելի շատ տղամարդիկ են, սակայն այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Փորձը ցույց է տալիս, որ այն շրջաններում, որտեղ կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, կանանց իրավունքները զգալիորեն ավելի լավ են պաշտպանված։ Բացի այդ, տղամարդիկ հաճախ հակված են պետական մարմիններում քննարկվող հարցերը ընկալել ֆորմալ՝ համարելով դրանք լուծված։ Կանայք, հատկապես, երբ խոսքը վերաբերում է ընտանեկան հարցերին, առօրյա կարիքներին և սոցիալական խնդիրներին, հաճախ առաջարկում են ավելի ճշգրիտ և գործնական լուծումներ», — հունիսի 12-ին Ախալքալաքում կայացած հանդիպման ժամանակ բացատրեցին Վրաստանի ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները։
ՄԻՊ գրասենյակը իր զեկույցում նաև խորհուրդ է տալիս, համաձայն Վրաստանի միջազգային պարտավորությունների, հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները՝ վերականգնելու պարտադիր գենդերային քվոտաների մեխանիզմը, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների համար ֆինանսական խրախուսման մեխանիզմը, որպեսզի կանանց մասնակցությունը քաղաքականությանը բավարար կերպով ապահովվի։
Հիշեցնենք, որ 2018 թվականին խորհրդարանը մերժեց գենդերային քվոտաների ներդրման մասին օրինագիծը, սակայն, 2020 թվականին ընտրական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարվեցին, որոնք կուսակցական ցուցակներում կանանց համար սահմանեցին 25 տոկոս քվոտա։ 2023 թվականի փետրվարին Վրաստանի խորհրդարանը պարտադիր գենդերային քվոտաները երկարաձգեց մինչև 2032 թվականը։ 2024 թվականին, սակայն, այս պարտավորությունը չեղյալ հայտարարվեց, այժմ կուսակցություններն իրենք են որոշում՝ ներառե՞լ կանանց իրենց ցուցակներում, թե՞ ոչ՝ չունենալով որևէ պարտավորություն։