Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Վրաստանի հավաքականը թիմային մրցումներում եզրափակչում 4:1 հաշվով հաղթել է Հարավային Կորեայի հավաքականին և դարձել աշխարհի չեմպիոն։
Նշենք, որ այն պահից ի վեր, երբ թիմային մրցումները անցկացվում են խառը կազմով (երեք տղամարդ, երեք կին), Վրաստանի հավաքականը աշխարհի չեմպիոն դարձավ առաջին անգամ։ Մինչ այդ վրացի ձյուդոյիստները երկու անգամ դարձել էին բրոնզե մեդալակիր, իսկ յոթ անընդմեջ առաջնություններում առաջին տեղը գրավել էր Ճապոնիայի հավաքականը։ Այս տարի, մինչ աշխարհի առաջնությունը, Վրաստանը դարձել էր նաև Եվրոպայի չեմպիոն խառը թիմային մրցումներում՝ ապրիլին։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում վրացիները հաղթել էին Չինաստանի հավաքականին 4:1 հաշվով, քառորդ եզրափակչում՝ Իտալիային 4:0, իսկ կիսաեզրափակչում 4:2 հաշվով հաղթանակ էին տարել յոթակի աշխարհի չեմպիոն Ճապոնիայի նկատմամբ։
Ավարտված աշխարհի առաջնությունում անհատական մրցումներում Վրաստանի հավաքականի արդյունքներն են՝ 4 մեդալ․ Էթեր Լիպարտելիանին (57 կգ) հռչակվել է աշխարհի չեմպիոն, Տատո Գրիգալաշվիլին (81 կգ) և Գուրամ Թուշիշվիլին (+100 կգ) դարձել են փոխչեմպիոններ, իսկ Լուկա Մաիսուրաձեն (90 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։