Ապրիլ ամսին Վրաստան կատարված դրամական փոխանցումների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 6.1%-ով՝ հասնելով 295.5 միլիոն ԱՄՆ դոլարի, իսկ Վրաստանից կատարված փոխանցումների ծավալը՝ 4.9%-ով՝ կազմելով 31.9 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին նշված է Վրաստանի ազգային բանկի հրապարակած հաշվետվությունում։
Ազգային բանկի տվյալներով՝ Եվրոպական միությունից ստացված դրամական փոխանցումները աճել են 13.8%-ով՝ հասնելով 132.5 միլիոն ԱՄՆ դոլարի, ինչը հիմնականում հավասարակշռել է Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումների նվազումը։
«Ռուսաստանից դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով նվազել են 18.9%-ով՝ մինչև 39.9 միլիոն ԱՄՆ դոլար։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ից ստացված փոխանցումները շարունակել են աճել՝ 16.6%-ով։ Ապրիլին դրամական փոխանցումների հիմնական աղբյուրներն էին՝ Եվրոպական միությունը՝ 44.8%, ԱՄՆ-ը՝ 18.3% և Ռուսաստանը՝ 13.5%։ Եվրոպական միության երկրների մեջ առանձնանում են Իտալիան (17.0%), Գերմանիան (8.4%) և Հունաստանը (8.3%)», – ասվում է Վրաստանի ազգային բանկի տարածած հաղորդագրությունում։