նորություններ 27 Մայիսի, 2025 • Աքսաննա Ավետյանի նոր նվաճումը

Աքսաննա Ավետյանը, ով ծնունդով Ախալքալաքի շրջանի Ազավրեթ գյուղից է, նոր նվաճումների է հասել կարատեի ասպարեզում։

Մայիսի 18-ին Մոսկայում կայացած կարատեի «Եվրազիայի Գավաթը» մրցումների ժամանակ ախալքալաքցի մարզիկը, Ռուսաստանում ներկայացնելով Վրաստանը, կրկին անգամ հաջողության է հասել և հաղթանակ է տարել։

«Ես ներկայացրեցի Վրաստանը։ Վրաստանից ուրիշ մարզիկներ էլ կային, ես մրցմանը մասնակցեցի 18-ից բարձր տարիքային կատեգորիայում։ Մրցակցել եմ Ռուսաստանի ներկայացուցչի հետ ու հաղթել, գրավել եմ առաջին տեղ», — պատմում է Աքսաննան։

Aksanna, karate 1

Աքսաննա Ավետյանը 21 տարեկան է, ծնվել է Ազավրեթ գյուղում։ 5-6 տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են Ախալքալաք, այնուհետև, Ախալքալաքի թիվ 1  դպրոցն ավարտելուց հետո ընտանքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ և հիմա ապրում և բարձրագույն կրթություն է ստանում։ Նա սովորում է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի իրավաբանության ֆակուլտետի 3-րդ կուրսում։ Jnews-ի հետ զրույցում Աքսաննան պատմեց, որ արդեն 13 տարի է, ինչ սպորտով  է։ Իսկ հարցին, թե կարատեն աղջկա համար խնդիրներ չի առաջանցնում գենդերային տեսանկյունից, նա պատասխանեց․

«7 տարեկանից սկսել եմ պարապել կարատե։ Խոսակցություններ շատ են եղել, որ «աղջիկ է, ի՞նչ պետք է կարատեն», բայց ես շատ ուշադրություն չեմ դարձրել դրանց և չեմ էլ փոշմանել, որ շարունակել եմ կարատեն։ Մրցումներին  մասնակցելու առումով ամաչելու դեպքեր չեն եղել», — ասում է Աքսաննա Ավետյանը։

Վերջինս պատմեց, թե ինչպե՞ս և ինչու՞ է ընտրել կարատեն։ «Փոքր ժամանակ շատ չար եմ եղել, մերոնք էլ որոշել են, որ իմը սպորտն է, համ էլ մայրիկս իր փոքր ժամանակ ուզեցել է, որ մարզիկ դառնա, բայց իրենց ժամանակներում չի եղել հնարավորություն, ու այդպես ուզեցել է, որ գոնե ես դառնամ։ Իմ ընտանիքում բոլորն էլ սպորտի հետ սեր ունեն, հայրս, հորեղբայրս, եղբայրս։ Բոլորն էլ կապ ունեն սպորտի հետ», — ասում է մարզիկը։

Աքաննան պատմում է, որ փոքր ժամանակ Ախալքալաքում հաճախել է նաև ռեգբիի, բայց որոշ ժամանակ անց,  թողել է այն, քանի որ իրեն ավելի լավ է զգում կարատեի մեջ։

Մեր հերոսուհին ծնվել ու մեծացել է Ջավախքում։ Նրա  հաջողությունները ևս սերտ կապված են Վրաստանի հետ։

Վրաստանում մասնակցել է բազմաթիվ մրցումների։ Չորս անգամ Վրաստանի չեմպիոն է ճանաչվել  նվաճել է նաև Եվրոպայի չեմպիոնի և Աշխարհի չեմպիոնի տիտղոսները։

«Աշխարհի չեմպիոնը 2014 թվականին Թբիլիսիում է դարձել։ 2016 թվականին Լեհաստանում է եղել Աշխարհի առաջնություն, այդտեղ արդեն գրավել եմ երկրորդ տեղ», հիշում է աշխարհի չեմպիոնը, ով հանդես է գալիս ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի անունից։

Aksanna, mrcanak

«Երբ որ մրցույթ է լինում Թուրքիայում կամ Ադրբեջանում, ես ներկայացնում եմ Հայաստանը, իսկ մնացած երկրնում՝ Վրաստանն եմ ներկայացնում», — նշում է Աքսաննան։

Երիտասարդ կարատեիստը հիմա մարզիչների մոտ պարապունքների չի հաճախում, բայց մշտապես կապի մեջ է նրանց հետ։

«Ես ինձ համար գնում եմ սպորտդահլիճ և պարապում եմ։ Այստեղի մարզիչներն արդեն գիտեն ինձ, Հայաստանի մարզիչները նույնպես, երբ որ գալիս են մրցումների, ինձ տեղյակ են պահում, որ այսինչ ժամանակ մրցույթ կա, ու այդպես մասնակցում եմ, ինչպես եղավ այս վերջին մրցույթը», — ասում Աքսաննա Ավետյանը։

Նա առանձնակի ոգևորությամբ է խոսքում մրցույթների ժամանակ իր զգացմունքների մասին, և միաժամանկ կիսվում է իր հետագա նպատակներով։

«Այս մրցմանը լրիվ այլ զգացողություններ ունեցա, ես հասկացա, որ ես վերադարձել եմ։ Ես ինձ շատ լավ էի զգում, ու հասկացա, որ պետք չէ թողնել սպորտը։ 4-րդ կուրսից սկսելու եմ կանոնավոր մարզվել՝  ավելի մեծ նպատակների հասնելու համար»,  — ասում է Եվրազիայի գավաթակիրը։

Ցանկանում է արդյո՞ք աշակերտների հետ աշխատել և պարապեցնել, Աքսաննան պատասխանեց, որ երբ համեմատաբար թեթև գրաֆիկ ունենա դասերի առումով, կվերականգնի  իր մարզումները և կսկսի աշխատել աշակերտների հետ։ Իսկ նպատակների մասին խոսելուց նա ասաց․

«Կուզեմ շատ միջազգային մրցույթների մասնակցել։ Նախ առաջինը, երբ որ մրցման եմ մասնակցում և հաղթում եմ, ես ինքս ինձ եմ լավ զգում։ Արդեն ունեմ 2-րդ սև գոտին, ուզում եմ մի քիչ պարապել, ու քննություն հանձնել 3-րդ սև գոտին ստանալու համար», — հավելում է Աքսաննա, ավելացնելով, որ արդեն կարող է որպես դատավոր հանդես գալ։

Աքսաննան մշտապես կապի մեջ է Ախալքալաքի իր մարզիչների հետ։

«Մարզիչս ասում է՝ քեզանից հետո ահագին աղջիկներ են  եկել մարզումների և ասում են, որ Աքսաննայի պես են ուզում դառնալ»։

Երիտասարդ կարատեիստը, ով արդեն բազում հաղթանակներ է տարել սպորտում, փոքրերին ու երիտասարդներին խորհուրդ է տալիս․

«Ինչ նպատակ, որ ունեք, մինչև վերջ գնացեք, չհիասթափվեք, թեկուզ պարտվելուց հետո, աշխատեք ձեր վրա ու շատ։ Եվ ամենակարևորը՝ ժողովրդի «խորաթաներին» չլսեք, մանավանդ՝ աղջիկները, «աղջիկ ես, նստիր տանը, գործ արա»», — եզրափակեց Եվրազիայի գավաթակիր Աքասաննա Ավետյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝