Ապրիլի 14-ից 19-ը Հայաստանի մայրաքաղաքում անցկացվում է Երևանի քաղաքապետի գավաթ 2025-ը` բռնցքամարտի միջազգային բաց մրցաշարը, որը ներառված է բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) պաշտոնական օրացույցում: 10 երկրների մարզիկների ցանկում մասնակցում են նաև Վրաստանի բռնցքամարտիկները, այդ թվում՝ Ախալքալաքի առաջատար բռնցքամարտիկներ Արտյուշ Գոմցյանն ու Արշակ Էլիզբարյանը։ Նրանք շարունակում են պայքարը գավաթի համար։
Մրցումներին մասնակցում են 10 երկրների մարզիկներ՝ Հայաստան, Կիպրոս, Իսրայել, Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան, Իրան, Իրաք, Պաղեստին և Մոլդովա: Հայաստանի հավաքականը ներկայացնում են 30 բռնցքամարտիկներ։ Միջազգային մրցաշարին Վրաստանից մասնակցում են 5 մարզիկներ։
Մարզիկները մրցաշարում արդեն գրանցել են իրենց առաջին հաղթանակները։ Այսպիսով, Արտյուշ Գոմցյանը երեկ՝ ապրիլի 15-ին, 63,5 կգ քաշային կարգում հաղթել է Կիպրոսի ներկայացուցիչ Լոուկա Լուկասային, վաղը՝ ապրիլի 17-ին, կմենամարտի մոլդովացի Յանուշ Կարավանի հետ։
Վաղը՝ ապրիլի 17-ին, մեկ այլ բռնցքամարտիկ Վրաստանից՝ Գիորգի Գրգրիաշվիլին, նույնպես կմենամարտի Հայաստանից մարզիկ Նարեկ Հովհաննիսյանի հետ։
Ախալքալաքցի Արշակ Էլիզբարյանն այսօր՝ ապրիլի 16-ին, նույնպես հաղթանակ է տոնել, նա մենամարտել է ղազախ բռնցքամարտիկ Դոմիր Սինեևի հետ։
Երեկ՝ ապրիլի 15-ին, 67 կգ քաշային կարգում հաղթանակ է գրանցել նաև Արչիլ Գափրինդաշվիլին, ով գոտեմարտել է Իրաքի ներկայացուցիչ Մոհամեդ Աբդուլլահի հետ, իսկ այսօր՝ Հայաստանից ներկայացուցիչ Արմեն Մաշաքարյանի հետ ու պարտվել նրան։
Այսօր՝ ապրիլի 16-ին, 67 կգ քաշային կարգում Լևան Դեմուրովը մենամարտել է և հաղթել մոլդովացի բռնցքամարտիկ Ալեքսանդր Պարասկինին։
Jnews-ը հետևում է Երևանում ընթացող բռնցքամարտի միջազգային առաջնության ընթացքին և իր ընթերցողներին կտեղեկացնի մրցաշարի կարևոր նորությունների մասին։