Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) պատժել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Ազգերի լիգայի Հայաստանի դեմ խաղում երկրպագուների պահվածքի համար։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
Որոշման համաձայն՝ ազգային հավաքականը մեկ տնային հանդիպում կանցկացնի առանց երկրպագուների, իսկ ֆեդերացիան պետք է վճարի 40 հազար եվրո տուգանք։
Պատժի պատճառ են հանդիսացել հանդիպման ժամանակ երկրպագուների մուտքը խաղադաշտ, լազերների և պիրոտեխնիկայի կիրառումը, ելքերը փակելը։
Որակազրկումը կազդի Ազգերի լիգայի նոր՝ 2026-2027 մրցաշրջանի առաջին տնային խաղի վրա։ Այն չի վերաբերում ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ընտրական խաղերին և միջազգային ընկերական խաղերին: Այս սահմանափակումն ունի երկու տարի փորձաշրջան։
Վրաստան-Հայաստան հանդիպումը կայացավ մարտի 23-ին Թբիլիսիում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 6:1 հաշվով: Խաղը ավարտվելուն պես վրացական կողմի մի խումբ պատանիներ սկսեցին շշեր նետել հայ երկրպագուների հատված։ Մարզադաշտի մնացած հատվածը շատ բացասական արձագանքեց՝ վանկարկելով. «Ամոթ»: