
Տարածաշրջանային հիմնադրամը ֆինանսավորում է Ախալքալաքի մունիցիպալիտետի 4 գյուղական ճանապարհների ասֆալտապատում՝ ընդհանուրը 9 686 620 լարիի չափով։ Աշխատանքների մրցույթները հայտարարվում են երկրորդ անգամ։
Ախալքալաքի քաղաքապետարանը 4 գյուղական ճանապարհների ասֆալտապատման համար մրցույթ է հայտարարել։ Աշխատանքները ֆինանսավորվում են Տարածաշրջանային հիմնադրամից, սակայն գումարի 5%-ը հատկացվում է տեղական բյուջեից։ Վերականգնվող ճանապարհները հետևյալն են.
1. Կաջո-Ագանա. Ճանապարհի ասֆալտապատման նախագիծը երկամյա է (2025-2026 թթ.), վերականգնման ընդհանուր արժեքը՝ 1 579 509 լարի։ Ճանապարհի երկարությունը 2149 մ է, իսկ լայնությունը՝ 5 մ։
2. Մաջադիա-Թոթխամ-Կորխ․ Ճանապարհի ասֆալտապատման նախագիծը երկամյա է (2025-2026 թթ.), աշխատանքների ընդհանուր արժեքը՝ 3 871 244 լարի։ Ճանապարհի երկարությունը մոտ 4 կմ է։
3. Բուռնաշեթ-Ազավրեթ. Աշխատանքի ընդհանուր արժեքը կազմում է 2 624 746 լարի։ Ճանապարհի երկարությունը 900 մ և 2000 մ է, լայնությունը՝ համապատասխանաբար 5-6 մ և 4-5 մ։
4. Ղադոլար գյուղի ներքին ճանապարհները. Աշխատանքների ընդհանուր արժեքը 1 611 121 լարի է, ճանապարհների երկարությունը՝ մոտ 1500 մ։
Կաջո-Ագանա և Մաջադիա-Թոթխամ-Կորխ ճանապարհների վերականգնումը հայտարարվել է մեկ մրցույթով, իսկ Բուռնաշեթ-Ազավրեթ ճանապարհը և Ղադոլար գյուղի ներքին ճանապարհները՝ առանձին մրցույթով։ Քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության տեղեկությունների համաձայն, Գոգաշեն գյուղի ճանապարհը նույնպես կասֆալտապատվի Տարածաշրջանային հիմնադրամի միջոցներով, մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերին։
Նշենք, որ այս մրցույթները, այդ թվում՝ Գոգաշեն – Ափնիա գյուղի ճանապարհի վերանորոգման մրցույթը, մունիցիպալիտետն արդեն հայտարարել էր 2025 թվականի հունվարի 21-ին։ Բոլոր դեպքերում մրցույթին մասնակցել է միայն «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, որն էլ շահել է մրցույթը, սակայն հետո մրցույթներն ընդհատվել են։ Այդ ժամանակ Ախալքալաքի քաղաքապետարանը որպես պատճառ նշեց մրցութային փաստաթղթերի հետ կապված խնդիրները:
Ինչ փուլում են գտնվում Ախալքալաքում ճանապարհաշինարարական մրցույթները
Նոր մրցույթներում աշխատանքների գումարը չի փոխվել, բացառությամբ Ազավրեթ-Բուռնաշեթ ճանապարհի, որի վերականգնման գումարն ավելացել է 42120 լարիով։
Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարեկարգման աշխատանքները։ Ամեն տարի մունիցիպալիտետում, ինչպես տեղական բյուջեից, այնպես էլ Տարածաշրջանային ֆոնդից, ասֆալտապատվում են ճանապարհներ։ Սակայն, դեռ չի կարելի ասել, որ մունիցիպալիտետի ճանապարհային ենթակառուցվածքը վերականգնված է։