
Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին գտնվում է անմխիթար վիճակում։ Արդեն երկուսուկես տարի փակ է ծխականների համար, այս ամենի պատճառը տանիքն է, որը երկու վերանորոգումից հետո կրկին ջուր է ներծծում։
Jnews-ի այցելության ժամանակ եկեղեցին բաց էր, այնտեղ էր նաև եկեղեցու դռները բացող փակողը՝ ալեհեր մի ծերունի՝ Խաչիկ Սախաթելյանը, ով արտասահմանից եկած հույրերին պատմում էր եկեղեցու պատմությունը։
85-ամյա Խաչիկ պապն Աստծո ամեն օր գալիս է եկեղեցի և բացում դռները, որպեսզի եկեղեցին փոքր ինչ չորանա։ Նրա համար շատ ցավալի է եկեղեցին տեսնել այս վիճակում։
«Շատ ցավալի է եկեղեցին տեսնել այս վիճակում, 24 տարի է ես եմ դռները բացում փակում :
Մի քանի անգամ տանիքի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել, սակայն դրանք չարդարացրեցին մեր սպասելիքները, և տանիքից նորից ջուրը ներս է լցվում: Եկեղեցու պատերը մամուռով են պատված, սյուներից ջուր է կաթում, իսկ սրբապատկերները «լաց են լինում»։ Ինձ համար շատ դժվար է եկեղեցին տեսնել այս վիճակում», – ասում է Խաչիկ Սախաթելյանը։
Մի քանի տարի է արդեն ծնունդով կարծախցիները կրկին սկսել են միջոցներ հավաքել եկեղեցու տանիքը վերանորոգելու համար։ Ռուսաստանում ու Հայաստանում հաշվեհամարներ են բացվել, գյուղում նույնպես գումար են հանգանակում։ Ցանկացողները կարող են իրենց ներդրումն ունենալ տեսակով բացառիկ Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու պահպանման համար։
Կարծախ գյուղի մասնագետ Գաբրիել Կարապետյանը Jnews-ի հետ զրուցում ասաց հետևյալը․
«Գումարն արդեն հավաքել է, սպասում ենք թույլտվությանը, երբ թույլտվություն լինի, այդ ժամանակ էլ կվերսկսենք վերանորոգման աշխատանքները, գրեթե բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են, մենք ուղարկել ենք և սպասում ենք պատասխանի»:
Նշենք, որ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերաօծվել է 2012թ. հուլիսի 14-ին: Եկեղեցու տանիքն ամբողջությամբ քարե սալիկներով է պատված: Սոցիալիստական կարգերի ժամանակ Կարծախի եկեղեցին անցնում է պետության ձեռքը, 1929-ին եկեղեցին փակում են, իսկ 1933-ին այն վերածում պահեստի: 1992 թվին եկեղեցին խոնարհվում է, և միայն շուրջ 20 տարի անց եկեղեցին վերակառուցվում ու վերաբացվում է: Այսօր այն գործող եկեղեցի է, հիմնադրված XIX դարի 30-ական թվականներին, որը կրկին ժամանակավորապես փակ է:
Կարդացեք նաև՝
Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին կրկին խոնավության մեջ է
Կարծախի եկեղեցին ընկղմված է ջրի մեջ
Կարծախ գյուղի Սբ. Կարապետ եկեղեցին վերանորոգելու համար հաշվեհամար է բացվել
Մամուռն ու ջուրը Կարծախի եկեղեցու մշտական հյուրերն են