
Ռուսաստանցիները գնալով ավելի են գալիս Վրաստան՝ վարորդական իրավունք ստանալու համար, որպեսզի այն փոխանակեն ռուսականի հետ իրենց երկիր վերադառնալուց հետո, քանի որ վրացական վարիրդական վկայական ստանալն ավելի հեշտ և էժան է, քան ռուսականը։
Այս մասին գրում է ռուսական «Коммерсантъ» հրատարակությունը՝ վկայակոչելով Autonews-ի տվյալները։
Այս կերպ ռուսաստանցիները շրջանցում են ՌԴ երթևեկության անվտանգության պետական տեսչությանը կամ «ГАИ»-ին, որտեղ դժվարությամբ են հանձնում քննությունները, որը երբեմն տարիներ է տևում։ Մասնավորապես, երեք անհաջող փորձերից հետո քննությունը վերահանձնելը հնարավոր է վերջին թեստից ոչ շուտ, քան վեց և ոչ ուշ, քան ինը ամիս հետո։
Այսպիսով, ռուսներն օգտվում են օրենքի այն դրույթներից, որը նախատեսում է օտարերկրյա վարորդական վկայականների պարտադիր փոխարինումը ռուսականով։ Մասնավորապես, 2024 թվականի ապրիլի 1-ից օրենքը թույլ է տալիս ինչպես ռուսաստանցիներին, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներին օտարերկրյա վարորդական վկայականները փոխարինել ռուսականով։ Որոշ դեպքերում դա տեղի է ունենում առանց տեսական քննությունը կրկին հանձնելու: Օրինակ՝ Բելառուսի քաղաքացիները որևէ թեստ հանձնելու կամ լեզուն փոխելու կարիք չունեն, իսկ Ռուսաստանի հետ Վիեննայի կոնվենցիան ստորագրած երկրների վարորդական վկայականները փոխարինել ռուսականով հնարավոր է միայն տեսական քննությունը հանձնելուց հետո։
Ահա թե ինչու ավելի ու ավելի շատ ռուսաստանցիներ են գալիս Վրաստան, որտեղ տեսական և գործնական վարորդական քննությունները հնարավոր է հանձնել ընդամենը մեկուկես ժամում՝ առանց ավտոդպրոց այցելելու, ինքնուրույն ուսուցման միջոցով։ Այս ամենն արժե մոտ 100 դոլար»,- գրում է «Коммерсантъ»-ը։
Հրատարակության հաշվարկների համաձայն՝ նույնիսկ հաշվի առնելով այս արժեքը և երկկողմանի ավիատոմսի գինը՝ Վրաստանում վարորդական վկայական ստանալն ավելի էժան է, քան Ռուսաստանում։
Ռուսաստանում նախ պետք է ավտոդպրոց գնալ, հետո նոր գնալ ГАИ՝ քննություն հանձնելու, ուստի մարդիկ սկսել են վրացական վարորդական վկայականներ ստանալ, իսկ տուն վերադառնալուն պես միայն տեսական քննությունը պետք է վերահանձնեն՝ դրանք ռուսական վկայականով փոխարինելու համար։ Տեսական քննությունն ավելի հեշտ է հանձնել: Այսպիսով, այս սխեման լավ է աշխատում, և ամեն ինչ բացարձակապես օրինական է»,- գրում է հրատարակությունը։
Ռուսաստանցիները նմանատիպ նպատակներով մեկնում են Ղրղզստան և Բելառուս, սակայն, ըստ «Коммерсантъ»-ի, վարորդական իրավունք ստանալը Վրաստանում ամենահեշտն է:
Ինչ վերաբերում է պաշտոնական վիճակագրությանը, ապա Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ 2024 թվականին Վրաստանում վարորդական իրավունք է ստացել Ռուսաստանի Դաշնության 128 քաղաքացի, իսկ 2023 թվականին՝ 99 քաղաքացի։
Նյութի աղբյուրը՝ bpn.ge