
Փետրվարի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նիստում, որոշում է կայացվել լրացուցիչ գումար հատկացնել Ախալքալաքի բազմահարկ շենքերի տանիքների վերականգնման համար։
Ախալքալաքի 2025 թվականի բյուջեով 300 000 լարի է հատկացվել բազմահարկ շենքերի տանիքների վերականգնման համար։ Սակայն Ախալքալաքի քաղաքապետարանը որոշել է լրացուցիչ 83 475 լարի հատկացնել։ 2024 թվականին այդ նպատակների համար նախատեսվել էր 284 713 լարի։
Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի խոսքով, այս տարի նախատեսվում է վերանորոգել Ախալքալաքի երեք բազմահարկ շենքի տանիք։ Բացի այդ, կնախապատրաստվեն նախագծեր այլ շենքերի վերականգնման համար։
Ախալքալաքի այսպես կոչված 14-րդ զինվորական գորոդոկի թիվ 50 շենքի տանիքի վերակառուցման մրցույթն արդեն կայացել է, պայմանագիրը կնքված է։ Մրցույթի սկզբնական գումարը կազմել է 46 964 լարի։ Մրցութային աճուրդին մասնակցել է չորս ընկերություն, իսկ հաղթող է ճանաչվել անհատ ձեռներեց Ահարոն Մարգարյանը, ով առաջարկել է նվազագույն գումարը՝ 36 818,24 լարի։
«Մենք արդեն 300 000 լարի ենք հատկացրել տանիքի վերականգնման համար, քանի որ երեք նախագիծ ունեինք։ Մեկ մրցույթն արդեն հայտարարված էր, սակայն մնացած երկու նախագծերի համար միջոցներ չկային, ուստի լրացուցիչ միջոցներ հատկացվեցին Մաշտոցի փողոցի թիվ 81 և 82 բազմահարկ շենքերի տանիքների վերանորոգման համար։ Նաև տարվա ընթացքում կնախապատրաստենք նախագծեր Աղմաշենեբելի փողոցի ոստիկանության շենքի դիմաց գտնվող բազմահարկ շենքերի տանիքների վերականգնման համար։ Եթե ստացվի, 1-2 նախագիծ կիրականացնենք»,- ասաց Արա Մովսիսյանը։