
Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում գտնվող եռահարկ բազմաբնակարան շենքի ճակատային մասի և հարակից տարածքի վերակառուցման գումարը ավելացել է 11 103 լարիով: Փետրվարի 26-ին սակրեբուլոյի երեք հանձնաժողովների նիստում, ի թիվս այլ հարցերի, պատգամավորները քննարկել են նաև այս հարցը:
Թավիսուփլեբա (Ազատության) փողոցում գտնվող եռահարկ բազմաբնակարան շենքի ճակատի և հարակից տարածքի վերակառուցման մրցույթն անցած տարի քաղաքապետարանը հայտարարել է 4 անգամ, չորս անգամն էլ մրցույթը տապալվել է մասնակիցների բացակայության պատճառով։
Անցյալ տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը JNEWS-ին ասել էր, որ տապալված մրցույթների պատճառը կարող է լինել բանվորների պակասը, ինչպես նաև ֆասադային աշխատանքների կատարման դժվարությունները, բայց ոչ մրցույթի գինը և պահանջները։
Սակայն այս տարի քաղաքապետարանը շենքի վերակառուցման արժեքը ավելացրել է 11 103 լարիով։ Նախորդ տարի մրցույթով կատարված աշխատանքների ծավալը կազմել է 248 897 լարի, այս տարի քաղաքապետարանը հատկացրել է 260 000 լարի։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները, հավանաբար, վաղը կայանալիք նիստում կհաստատեն այս գումարը։
Հիշեցնենք, որ Ազատության փողոցում գտնվող եռահարկ բազմաբնակարան շենքը գտնվում է Nane Mall-ի դիմաց։ Վերականգնման շրջանակներում նախատեսվում է շենքի ճակատային հատվածի կոսմետիկ վերանորոգում, վերանորոգել ճաղապատ պատշգամբները, տեղադրել նստարաններ և լուսավորություն։ Ինչպես նաև, ըստ մրցույթի, նախատեսվում է ազատել շենքի դիմացի տարածքը ավտոկայանատեղի կառուցելու համար՝ կրճատելով մայթը։