
Մեկ ամսից Ախալքալաքի խոպանչիները կսկսեն մեկնել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքների։ Ախալքալաքի գործազրկության պատճառով, խոպանը վաղուց դարձել է հազարավոր մարդկանց եկամտի միակ աղբյուրը։
Չնայած այն հանգամանքին, որ ռուբլու փոխարժեքը ցածր է, միևնույնն է՝ մարդիկ նորից բռնում են խոպանի ճանապարհը, քանի որ այլընտրանք չունեն։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սուլդա գյուղի բնակիչ Ահարոն Կարոյանն ասում է, որ ինքը ստիպված է մեկնում արտագնա աշխատանքի։
«Տեղում աշխատանք գտնելը շատ բարդ է, եթե գտնես էլ ցածր է աշխատավարձը։ Իհարկե, եթե կարողանամ 2000 լարիանոց գործ գտնել կմնամ իմ ընտանիքի կողքին։ Յուրաքանչյուր խոպանչի 8 ամիս մնում է Ռուսաստանում՝ տանից կտրված։ Ռուբլին շատ էժան է, բայց այլընտրանք չունենք։ Լավ է, որ Ռուսաստանն էլ կա, թե չէ ուր էինք գնալու աշխատելու»:
Ի տարբերություն Ահարոնի, Աբել Ունանյանը մի քանի է տարի է չի մեկնում Ռուսաստան, մնում է գյուղում։ Ասում է՝ մարդիկ ստիպված են մեկնում, ոչ-ոք չի ուզում իր ընտանիքից հեռու ապրել։
«Արդեն մի քանի տարի է չեմ գնում Ռուսաստան աշխատելու։ Գյուղում եմ մնում, զբաղվում եմ հողագործությամբ։ Եթե տեղում լինի աշխատատեղ բոլորն էլ կմնան։ Ռուսաստանում ամենացածր աշխատավարձը 3000 լարի է, եթե տեղում լինի 2000-2500 լարիի գործ, իմ կարծիքով, արտագնա աշխատանքի մեկնողները կմնան տեղում։ Ոչ ոքի հաճելի չէ տանից հեռու ապրելը»,- ասում է Արագվա գյուղի բնակիչ Աբել Ունանյանը:
Նույն գյուղի մեկ այլ բնակիչ, ով չցանկացավ ներկայանալ, ասաց․ «Ես արդեն 55 տարեկան մարդ եմ, իմ ամբողջ կյանքի ընթացքում խոպան եմ գնացել, իմ տղան ևս այլ տարբերակ չունենալով խոպան է գնում։ Գյուղում անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվելով չես կարող նորմալ ապրել։ Ռուսաստանում հեշտ չէ, մենք էլ չենք ուզում գնալ, բայց ստիպված ենք գնալ»։
Jnews-ը 2024 թվականի մայիսին ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու, թե Ախալքալաքի ընտանիքների քանի տոկոսն է ապրում արտասահմանում վաստակած գումարով։ Ընդհանուր առմամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում ապրում է 51 331 մարդ և 13 100 տնտեսություն։ Ուսումնասիրության արդյունքներով, Ախալքալաքի մունիցիպալիտետի ընտանիքների 57%-ում առնվազն մեկ հոգի մեկնում է արտագնա աշխատանքի, որն ընտանիքի եկամտի հիմնական աղբյուրն է։ Դա կազմում է 7 432 մարդ, ովքեր մեկնում են արտագնա աշխատանքի։ (Jnews-ի ուսումնասիրությունը կարող է կողմնակալություն ունենալ, քանի որ տվյալները վերլուծվել են մունիցիպալիտետի յուրաքանչյուր բնակավայրում տեղեկություններ ունեցող մարդկանց հետ անձնական հարցազրույցների հիման վրա)։
Հատկանշական է, որ խոպանչիների ճնշող մեծամասնությունը մեկում է Ռուսաստան։ Jnews-ի ուսումնասիրության համաձայն՝ խոպանչիների 95,9%-ը արտագնա աշխատանքի է մեկնում Ռուսաստան։