Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում անասնապահությունն անկում է ապրում։ Գյուղացիները բողոքում են՝ ամենաէժանը գյուղացու արտադրած կաթն է, որի վաճառքն այլևս շահավետ չէ։

Jnews-ը եղավ Ախալքալաքի մունիցիպալիտետի Փոքր Սամսար, Բոզալի և Կարծախ գյուղերում, հասկանալու համար թե ի՞նչ խնդիրների առջև են կանգնած ֆերմերները և ի՞նչ արժե կաթի մեկ լիտրը գյուղերում։

Այսօրվա դրությամբ, գյուղացիները 1 լիտր կաթը հանձնում են 1․20-1․30 լարիի սահմաններում։

Եզեկ Մարաբյանն ապրում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Բոզալի գյուղում։ Նա կաթը հանձնում է 1․20 լարիով (լիտրը): Նա գոհ չէ կաթի գնից, բայց ստիպված է վաճառել, քանի որ այլընտրանք չունի։

«Ձմռան ամիսների կովը քիչ է կաթ տալիս, այսինքն կաթը քիչ է, բայց ինչպես տեսնում եք ընդհանրապես գինը չի թանկանում, ես շատ անասուն չունեմ, պահում եմ տան համար։ Իսկ ամռանը կաթը մենք ինքներս ենք վերամշակում: Վաճառքի համար կաթի վերամշակումը ձեռնտու չէ, իրացման շուկա չկա», – ասաց Եզեկ Մարաբյանը։

Չնայած վերջինս մտադիր է այս տարի ավելացնել անասունների գլխաքանակը, բայց կաթի գինն իր համար ընդունելի չէ։ Ասում է՝ գյուղում եմ ապրում, մի բան պետք է անեմ։

«Գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ է դիզվառելիք, որի գները շատ թանկ են։ Պատկերացրեք, ես պետք է 60 լիտր կաթ վաճառեմ, որ 20 լիտր դիզվառելիք գնեմ»,- հավելում է Եզեկը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղից Գրիգոր Ասլանյանի խոսքով, իրենց գյուղում անասուների գլխաքանակը չի նվազում։ Գյուղացիները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։

«Կաթն էժան ենք վաճառում, շուտով էլի է էժանանալու: Տանջվում ես ու ոչ մի օգուտ չկա։ Ես 7 կով ունեմ։ Մի կովը տարեկան 100 տուկ խոտ է սպառում, 100 լարի տալիս ենք հովիվին, իսկ 1 լիտր կաթն արժե 1․20 լարի։ Գյուղացու օգուտը միայն իր տանջանքն է, ուրիշ ոչինչ»,- ասաց Կարծախ գյուղի բնակիչներից մեկը, ով խուսափեց նշել անուն ազգանունը։

Ի տարբերություն վերոնշյալ գյուղերի՝ Փոքր Սամսարում ոչ միայն կաթն է էժան, այլև գնորդի պակաս կա։ Բնակիչների խոսքերով, իրենք նույնիսկ ցածր գնով չեն կարողանում վաճառել կաթը։

«Կաթը չենք կարող վաճառել, գնորդներ կան, բայց երբ իրենք են ուզում այդ ժամանակ էլ գալիս են։ Իսկ երբ չեն գալիս, պատճառաբանում են, որ ճանապարհը դժվարանցանելի է, եթե այսպես շարունակվի ստիպված պետք է վաճառենք անասունները»,- ասաց գյուղի բնակիչ Վարշամ Խաչատրյանը։

Իսկ Սուլդա գյուղում կաթը վաճառվում է 1․30 լարիով։ Արտյուշ Մարուքյանն այն բնակիչներից է, ով իրենց գյուղից կաթը գնում, այնուհետև տանում հանձնում է։

Ասում է՝ հիմնականում ձմռան ամիսներին է կաթը քչանում, ինչն էլ ազդում է կաթի գնի թանկացման վրա։