Այսօր՝ փետրվարի 14-ին, Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ, որին հաջորդել է երիտասարդների օրհնության կարգը։ Վերջում երիտասարդ աղջիկներին և տղաներին բաժանեցին աղի բլիթներ, իսկ Տ. Նարեկ քհն. Տիգրանյանը քարոզ կարդաց։

surb sargis2

Սուրբ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև` ժողովրդական սովորույթներով: Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Նա սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:

Սուրբ Սարգիսը երիտասարդների տոնն է, որը շատ են սիրում Ախալքալաքում և գյուղերում։ Տարբեր մարզերից երիտասարդներ հավաքվում են ուխտագնացության դեպի Դիլիսկա գյուղ, որտեղ գտնվում է Սուրբ Սարգիս եկեղեցին։ Դիլիսկայի ճանապարհին աղջիկները մոմեր են փոխանակում երիտասարդ տղաների հետ։

surb sargis

Սուրբ Սարգսի տոնը կապված է բազմաթիվ կրոնական և զուտ ժողովրդական հավատալիքների հետ: Այս օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված, եկեղեցում մոմեր փոխանակում, փոխանակած մոմերը տուն են տանում և դնում բարձի տակ՝ ակնկալելով երազում տեսնել սիրելիին, ապագա կնոջը կամ ամուսնուն: Այս օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սբ. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը:

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ երիտասարդ աղջիկների մոտ նույնպես տարածված է գուշակությունը։

Նշենք, որ վաղը՝ փետրվարի 15-ին, ժամը 11:00-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ և Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որից հետո կկատարվի նաև երիտասարդների օրհնության կարգ։

surb sargis3