
Վերջին շրջանում բնակչության շրջանում, հատկապես՝ աշակերտների և ուսուցիչների, ակտիվ քննարկվում է դպրոցում ավարտական քննությունների թեման։ Ըստ տարածված խոսակցությունների, միջնակարգ կրթության վկայական ՝ ատեստատ ստանալու համար աշակերտը պետք է քննություններ հանձնի։ Jnews-ը որոշեց անդրադառնալ այս թեմային։
2019 թվականին Վրաստանի խորհրդարանն ընդունեց դպրոցների ավարտական քննությունների չեղարկման մասին օրինագիծը։ Որոշումն ընդունելուց հետո XI և XII դասարանի աշակերտներն ատեստատ ստանալու նպատակով այլևս չեն հանձնում ավարտական քննություններ։
Պարզելու համար, արդյոք լինելու են ավարտական քննություններ, Jnews-ը դիմեց Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարություն։ Նախարարությունից պարզաբանեցին, որ ներկայիս օրենսդրությամբ ատեստատ ստանալու համար աշակերտը պարտավոր չէ քննություն հանձնել։ Սակայն լրացման կարգով շեշտեցին, թե ո՞ր դեպքում է աշակերտը պարտավոր հանձնել քննություն։
«Ընթացիկ ժամանակաշրջանում օրենսդրությունը չի սահմանում վկայական ստանալու համար քննություն, սակայն տեղեկացնում ենք, որ եթե աշակերտի տարեկան միավորը 5-ից պակաս է, ապա դպրոցը պարտավոր է աշակերտին նշանակել աշնանային քննություն այդ առարկայից։ Աշնանային քննության անցկացման կանոններն ու կարգը սահմանվում են դպրոցի ուսումնական պլանով: Նաև հանրակրթական հաստատությունը գրում է քննացուցակ, այդ կապակցությամբ նախօրոք ողջամիտ ժամկետում աշակերտներին և նրանց ծնողներին/օրինական ներկայացուցիչներին տեղեկացնում է տեղեկությունների և մանրամասների մասին, որ դպրոցն իրավունք ունի մեկ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր դասարանում քննություն նշանակել ոչ ավելի, քան երկու առարկայից (քննությունը նույն առարկայից չի անցկացվում երկու տարի), բացառությամբ ազգային ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայի/առարկայի ուժեղացված ուսուցման», – ընդգծեցին նախարարությունից։
Վերոգրյալից պարզ է դառնում, որ դպրոցն ունի իրավունք՝ նշանակել և անցկացնել քննություններ սեփական հայեցողությամբ։
Jnews-ը փորձեց հետաքրքրվել և իմանալ, թե Ախալքալաքում կա՞ն դպրոցներ, որտեղ աշակերտները հանձնում են քննություններ։
Մենք կապ հաստատեցինք Ախալքալաքում գործող 4 դպրոցների հետ։
Ախալքալաքի Թիվ 1 դպրոցի տնօրեն Ռուզան Տեփոյանը նշեց, որ իրենց դպրոցում անցկացվում են քննություններ։
«Ամեն տարի անցկացնում ենք տարեվերջյան քննություններ, դա դպրոցի ներքին որոշումն է, որը որոշել ենք մանկավարժական ժողովով։ Քննություններն անցկացնում ենք VII-ից բարձր դասարանների հետ, I-VI-ը տարրական են, ստուգարքներ են։ Քննություններ հանձնում են տարբեր առարկաներից, այնպես ենք անում, որ ընդգրկվեն բոլոր առարկաները, եթե մի դասարանում պատմություն է, մյուսում՝ աշխարհագրություն, երրորդում՝ քիմիա, չորրորդում՝ ֆիզիկա», – ասաց Ռուզան Տեփոյանը։
Ախալքալաքի Թիվ 2 դպրոցի տնօրենը ևս հաստատեց, որ քննություններ իրենց դպրոցում ևս անցկացվում են։
«Ամեն տարի, ըստ ուսումնական պլանի՝ նշանակվում են քննություններ։ Սեպտեմբերից ամեն դասարան 2 քննություն է հանձնում՝ տարբեր առարկաներից», – նշեց Անահիտ Աբգարյանը։
Ախալքալաքի Թիվ 3 դպրոցի տնօրեն Նինո Սուդաձեն նշեց, որ իրենց դպրոցում չեն անցկացվում քննություններ, բայց, միևնույն ժամանակ ընդգծեց, թե ո՞ր պարագայում է աշակերտը պարտավոր, քննություն հանձնել։
«Քննություններ չունենք, կլինի այն դեպքում, եթե որևէ երեխա պարտավորված լինի հանձնել աշնանային քննություն», – ասաց Նինո Սուդաձեն։
Ախալքալաքի Թիվ 4 դպրոցում ևս չեն անցկացվում դպրոցական քննություններ։
«Այս տարի նախատեսված չէ անցկացնել քննություններ», – ասաց դպրոցի տնօրեն Գայանե Կարախանյանը։
Ինչպես նկատեցինք, դպրոցներն իրենց վերապահված իրավունքների համաձայն՝ ինքնուրույն են որոշում՝ անցկացնել քննություն, թե՞ ոչ։ Այդ որոշումը կայացնում է դպրոցը և դա նշվում է դպրոցի ներքին կանոնադրության մեջ։