
Հոկամ գյուղի երկու դպրոցները դասապրոցեսն անցկացնում են մի փայտե շենքի մեջ, երկու հերթափոխով, առանց դպրոցի համար տարրական պայմանների։ Գյուղում կառուցվում է երկու դպրոց՝ հայկական և վրացական: Դպրոցների շենքերը կառուցված պետք է լինեն այս տարի, սակայն դեռ պատրաստ են միայն հիմքերը:
Հոկամի դպրոցում այսօրվա դրությամբ սովորում է մոտ 100 երեխա. 62 աշակերտ №1 վրացական դպրոցում և 30 աշակերտ №2 հայկական դպրոցում: Առավոտյան դասերն անցկացնում է №1 դպրոցի աշակերտնեը, օրվա երկրորդ կեսին՝ №2 դպրոցի: Այս գյուղին արդեն երկար տարիներ է ինչ անհրաժեշտ է դպրոցի նոր շենք: Անցած տարվանից, 2024 թվականից սկսվել է երկու դպրոցների համար առանձին շենքերի շինարարությունը:
«Մենք սովորում ենք առաջին հերթով, դասաժամը սկսում ենք ժամը 9։00-ին, ավարտում ենք 14։00-ին», – ասաց Անզոր Միքելաձեն, №1 դպրոցի տնօրենը։
«Մենք՝ հայերս երկրորդ հերթափոխով ենք սկսում դասերը՝ 14։00-ին», – ասաց Հոկամի №2 հանրային դպրոցի տնօրեն Հովհաննես Մղդեսյանը։
Երկու դպրոցի տնօրեններն էլ ցանկանում են շուտ տեղափոխվել նոր շենք, որտեղ ակնկալում են, որ լինելու են դպրոցի համար համապատասխան պայմաններ:
Չնայած Ախալքալաքի խիստ ձմեռվա պայմաններին, երկու դպրոցի նոր շենքերի շինարարական աշխատանքներն իրականացվում են այս օրերին:
Հոկամ գյուղի №1 հանրային դպրոցի նոր շենքը
Շինաշխատանքների պատասխանատու Թենգիզ Նազգաիձեի խոսքով, դպրոցի շինարարական աշխատանքներն ընթանում են բարձր մակարդակով։
«Կառուցում ենք ժամանակակից չափանիշներին համապատասխան դպրոց հիմքից։ Եղանակը մեզ չի խանգարում շինարարության հարցում։ Երկու դպրոցների շինարարությունը պետք է ավարտենք։ Հստակ ժամկետներ չեմ կարող ասել ավարտի հետ կապված», – ասաց նա։
Հոկամի №2 հանրային դպրոցի շենքի շինարարությունը
Այս դպրոցների շենքերի շինարարության տենդերը հաղթած ՍՊԸ «Սաբա կոնստրաքշեն»-ը Ախալքալաքի մունիցիպալիտետի Հոկամ գյուղում կառուցում է երկու դպրոց՝ հայկական ու վրացական։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Հոկամ գյուղի թիվ 1 դպրոցի նոր շենքը նախատեսված է 90 աշակերտի համար։ Պետական դպրոցի կառուցման ընդհանուր արժեքը պայմանագրով կազմում է 3 444 944,34 լարի, մանրամասն նախագծային և նախահաշվային փաստաթղթերի արժեքը 75 788,78 լարի։
Հոկամի թիվ 2 դպրոցը նախատեսված 60 աշակերտի համար։ Դպրոցի կառուցման ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 2,146,295.60 լարի, նախագծման և ծախսերի հաշվառման փաստաթղթերի արժեքը՝ 47 218,50 լարի։
Շինարարության վերջնաժամկետները պայմանագրում հստակ նշված չէ, գրված է շինարարության համար սահմանված օրերի թիվը: Մասնավորապես 2024 թվականի մայիս ամսից այս կողմ շինարարության համար տրված է 285 օրացուցային օր, ինչը նշանակում է, որ շինարարության համար ընկերությունը ունի 9,5 ամիս վերոնշյալ օրվանից: