
Jnews-ը դեկտեմբերի 9-ին հրապարակել էր Ախալքալաքի հոսպիտալի ծննդաբերական բաժանմունքը փակման վտանգի տակ է վերտառությամբ հոդվածը, որտեղ ներկայացված է հոսպիտալի գինեկոլոգիայի բաժնի դեմ ծառացած խնդիրների մասին։ Այդ հոդվածը մեծ արձագանք գտավ սոցիալական կայքերի օգտատերերի կողմից, ինչպես բացասական, այնպես էլ դրական։ Հոդվածը տեսնելուց հետո Ախալքալաքի բնակիչ Հ․ Թարզյանը դիմել է մեր խմբագրություն, որպեսզի հարցազրույց տա իր փորձի մասին, հոսպիտալի գինեկոլոգիայի աշխատակիցների և աշխատանքի վերաբերյալ։
Հ․ Թարզյանը դեկտեմբերի 23-ին իրեն վատ է զգում և շտապ օգնության մեքենայով տեղափոխվում է հիվանդանոց։ Բժիշկների կողմից շտապ բուժզննում անցնելուց հետո, պարզվում է նրան անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։
Վիրահատությունն ընթանում է բարեհաջող, և ինչպես Թարզյանն է նշում՝ բժիշկները նրան երկրորդ կյանք են տվել։
«Դեկտեմբերի 23-ին ամբողջ օրը թույլ էի զգում, ի վերջո ուշաթափվեցի։ Ամուսինս շտապ օգնություն կանչեց, որից հետո ինձ տեղափոխեցին հիվանդանոց։ Երբ մտանք հիվանդանոց ողջ անձնակազմը պատրաստ էր, բժշկուհի Զոյան միանգամից ախտորոշում արեց, այնուհետև էխոսկոպիա կատարեցին և տարան վիրահատարան։ 6-7 բժիշկ, բուժքույրեր, բժշկուհի Զոյան, պարոն Թորոյանը, բոլորը հավաքվել էին գլխիս։ Ընկա պանիկայի մեջ, մտածում էի ինչ կատարվեց ինձ հետ, որ այսպես բոլորը խառնված են, բժիշկներից մեկը, անունը չեմ հիշում, մոտեցավ ու ասաց, որ չվախենամ, ընդամենը 15 րոպե է տևելու։ Եվ երբ արթնացա, արդեն ամեն ինչ հետևում էր, կարող եմ ասել, որ մեր բժիշկներն ինձ երկրորդ կյանք են պարգևել։ Հետվիրահատական շրջանում նույնպես նրանք ինձ շատ են օգնում, քանի որ ֆիզիկապես դեռ շատ թույլ եմ, միշտ կողքիս են, ամեն կերպ օգնում են։ Բոլոր բժիշկներն այցելում էին, հետաքրքրվում, հարցնում՝ ինչպես եմ զգում ինձ, ես շատ շոյված եմ և շնորհակալ եմ բոլորից»։
Հ․ Թարզյանը որպես քաղաքացի շատ անհանգստացած է այն թեմայով, որ հնարավոր է փակվի գինեկոլոգիայի բաժինը, շեշտելով՝ թե ինչ պետք է անեն իր նման շտապ վիրահատության կարիք ունեցողները, ինչպես պետք է հասնեն Թբիլիսի կամ Երևան։
Չկարողանալով զսպել արցունքները Հ․ Թարզյանն իր շնորհակալությունն է հայտնում Ախալքալաքի հոսպիտալի բժիշկական ողջ անձնակազմին։