
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման 7 տարիների և շինարարության ավելի քան 17 տարիների ընթացքում Ջավախքի տեղաբնակների թիվը, որոնք աշխատանքի են տեղավորվել ԲԹԿ-ում, առավելագույնի է հասել այս տարի, սակայն, այսօրվա դրությամբ, այդ թիվը, մեր գնահատականներով, չի գերազանցում 200 հոգին: ԲԹԿ-ն, ճիշտ է, աշխատում է թեստային ռեժիմով, սակայն միջազգային նախագիծը Ջավախքին չի բերել տնտեսական զարգացում, նոր լոգիստիկ ընկերություններ, ոչ էլ գործող բիզնեսների զարգացում է տեղի ունեցել:
Պետության խոստումները, որ հենց տեղացիները կաշխատեն ԲԹԿ-ի շինարարության վրա, որ Ջավախքում քոլեջ կբացվի, որտեղ տեղացիները կսովորեն երկաթուղային գործը, այդպես էլ մնացին խոստումներ: Երկաթուղային քոլեջը բացվեց միայն 2019 թվականին, այն էլ՝ Թբիլիսիում։
2007-2008 թվականներին, երբ նոր էր սկսվել ԲԹԿ-ի շինարարությունը, մարդիկ, աշխատելու ցանկության դիմումներով, դիմեցին Ախալքալաքի քաղաքապետարան, քանի որ նրանց խոստացել էին, որ շինարարության վրա աշխատելու են տեղացիները, և ասել էին, որ դիմում ներկայացնեն։ 2000 դիմում էր եղել, սակայն շինարարության առաջին 10 տարիներին Ջավախքից հատուկենտ մարդիկ են աշխատանքի ընդունվել։ Բոլորը մոռացան դիմումների մասին, իսկ դիմողները կրկին մեկնեցին արտագնա աշխատանքի, հիմնականում Ռուսաստան։ Շինարարական ընկերություններն աշխատանքի էին ընդունում տեղացիներին, այսինքն՝ Վրաստանի քաղաքացիներին, սակայն հիմնականում՝ Մառնեուլից։ Հարցին, թե ինչու Ջավախքի բնակիչներին աշխատանքի չեք ընդունում, շինարարության պատասխանատու «Ազերինսաատթսերվիս» ընկերությունից ասել էին, որ տեղացիները չգիտեն իրենց տեխնիկայով աշխատել։
Մեզ չհաջողվեց պաշտոնական տեղեկատվություն ստանալ ԲԹԿ-ի շինարարության կամ շահագործման մեջ աշխատանքի տեղավորված տեղացիների թվաքանակի մասին, քանի որ «Մարաբդա-Կարծախ երկաթուղի» ընկերությունից Jnews-ի հարցերին հերթական անգամ չպատասխանեցին։
Jnews-ը սեփական հետազոտությունն անցկացրեց ԲԹԿ-ում գործի անցած Ջավախքի բնակիչների մասին: Մեր հավաքած տեղեկության համաձայն, վերջին տարիներին զգալիորեն ավելացել է տեղացի աշխատանքի տեղավորվածների թիվը։ Վերջին տարիներին որոշ հատվածների շինարարությունն արդեն ավարտվել և շահագործման է հանձնվել հիմնականում վրացական ընկերություններին, և նրանք իրենց հերթին արդեն սկսել են մասնագետներ փնտրել տեղացիների շրջանում։
ԲԹԿ-ում Ախալքալաքի և Նինոծմինդայի տարբեր գյուղերից այսօրվա դրությամբ աշխատում է առնվազն 155 մարդ, նույն գյուղերից ամռանը առնվազն աշխատել է 227 մարդ։ Հիմնականում ԲԹԿ-ում փորձում են աշխատանք գտնել երկաթուղուն և Ախալքալաքի կայարանին մոտ գտնվող գյուղերի բնակիչները:
Տեղացիներից ԲԹԿ-ում աշխատողների մեծ մասը Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղից են։ Հիմա այնտեղ 80 մարդ է աշխատում, ամռանն ավելի շատ են եղել։
Որոշ դեպքերում բրիգադներն ամբողջությամբ համալրված են տեղացիներով, ղեկավարը նույնպես տեղացի է: Այսպիսին է կոնկրետ բետոնային աշխատանքների բրիգադը, որտեղ աշխատում է մոտ 35 մարդ՝ Ախալքալաքից և Կարտիկամ, Մամզարա, Սուլդա գյուղերից։ Բրիգադիրը նույնպես տեղացի է, ով աշխատանքի է ընդունվել մրցույթով։ Մեր տեղեկություններով, բրիգադների ու բաժինների մակարդակով ղեկավար պաշտոններում աշխատում են միայն երեք տեղացի։
Ինչպես մեզ հաջողվեց պարզել, ԲԹԿ-ում տեղացի աշխատողների թվում կան նաև կանայք։ Նրանք տեխնիկական անձնակազմի շարքերում են։
Բացի այն, որ նոր ընկերությունները սկսել են աշխատանքի ընդունել տեղացիներին, 2019 թվականին Թբիլիսիում բացված Երկաթուղային տրանսպորտի քոլեջը նույնպես իր դերակատարումն ունեցավ ԲԹԿ-ում մարդկանց զբաղվածության հարցում։
Քոլեջի տվյալներով, ԲԹԿ վրացական հատվածում աշխատանքի են անցել մասնագիտական կրթական ծրագրերի 6 ուսանող և կարճաժամկետ մասնագիտական պատրաստման կամ վերապատրաստման 30 շրջանավարտ։ «Երկաթուղային տրանսպորտի քոլեջի» և «Մարաբդա-Կարծախի երկաթուղի» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի, ընկերությունը պետք է ընդունի քոլեջից ստաժորների, այնուհետև նրանց աշխատանքի տեղավորի։
Թվում է, թե սառույցը հալվել է, և 7 տարիների ընթացքում տեղացիների աշխատանքի տեղավորման հարցում որոշակի արդյունքներ գրանցվել են, բայց մենք փորձեցինք պարզել պատճառները, թե ինչու իրականությունը հեռու էր նախնական սպասումներից ու խոստումներից։
Վրաստանի Տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոնի տնօրեն Պաատա Ցագարեիշվիլին կարծում է, որ տեղացիների զբաղվածության համար առաջին հերթին կարևոր է որակավորման հարցը։
«Որքանով է որակավորված Սամցխե-Ջավախքի բնակչությունը, որը կարող է աշխատել ԲԹԿ-ում, սա գիտելիքի հարց է և հեշտ խնդիր չէ»,- ասում է նա:
Բայց մյուս կողմից, սպասելիքներն արդարացված չեն ոչ միայն տեղական զբաղվածության ու տարածաշրջանային տնտեսության զարգացման, այլեւ ընդհանրապես միջազգային նախագծի աշխատանքի առումով։
«ԲԹԿ-ն ներկայումս անշահույթաբեր ձեռնարկություն է: Կես տարվա ընթացքում ԲԹԿ-ով անցել է կես միլիոն բեռ: Կես միլիոնը բավարար չէ, հատկապես, երբ ծախսերը չափազանց մեծ են: ԲԹԿ-ի վրա կատարվող ծախսերը շատ ավելի մեծ են, քան եկամուտնրերը, որպեսզի տեղացիները շահույթ ստանան, պետք է մեծացնել բեռնահոսքը, անհրաժեշտ է, որ երկաթգիծը դառնա տնտեսապես շահութաբեր»,- ասաց Պաատա Ցագարեիշվիլին։
Եթե զբաղվածության հարցում սառույցը հալվել է, ապա տեղական բիզնեսի զարգացման, լոգիստիկ ընկերությունների ու ծառայությունների բացման հարցում այն դեռ ամուր է մնում։
Բեռնատար վագոններն Ախալքալաքով գնում են Կարս, Թբիլիսի, իսկ այս քաղաքներից՝ այլ վայրեր, սակայն Ախալքալաքում ապրանք բեռնել-բեռնաթափելն անհնար է։ Այս փաստը թույլ չի տալիս տեղական բիզնեսին երկաթուղին օգտագործել որպես էժան փոխադրամիջոց, ինչպես նաև հիմք չի ստեղծում լոգիստիկայի ոլորտում բիզնեսի զարգացման համար։
Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովն ասում է, որ հիմա շատ անհասկանալի բաներ են կատարվում թե ԲԹԿ-ի շուրջ, թե ներսում։
«Շատ անհասկանալի բաներ կան: Սկզբում խոստացել էին, որ աշխատատեղեր են բացելու, որտեղ տեղացիները պիտի աշխատեն, տեղացիներն աշխատում են, բայց նրանք շատ քիչ են, և այն էլ՝ սևագործ բանվորներ: Ջավախքում քոլեջ պիտի բացեին, բայց չբացեցին, բնակչությունն ու բիզնեսը չեն կարող օգտվել Ախալքալաքի կայարանից»,- ասում է նա։
Մախարե Մացուկատովն ասում է, որ շրջանի տնտեսական զարգացման հարցում կարևոր է, որ «Ախալքալաքի» կայանը ունենա ապրանքների բեռնման/բեռնաթափման գործառույթ։
«Եթե այստեղ տերմինալներ լինեին, բիզնեսը կզարգանար։ «Ախալքալաքի» երկաթուղային կայարանը կունենար ցամաքային նավահանգստի կարգավիճակ։ Այս դեպքում աշխատատեղեր կբացվեն, այս կայարանի շուրջ կստեղծվեն բիզնեսներ (հյուրանոցներ, սրճարաններ, պահեստներ, լոգիստիկ ընկերություններ), և շրջանը կվերադառնա իր պատմական գործառույթին՝ որպես առևտրային ճանապարհների խաչմերուկ»։
Սակայն, դեռ երկաթուղին աշխատում է թեստային ռեժիմով, իսկ թե ինչ ծրագրեր կան առաջիկայում, հնարավոր չէ իմանալ, քանի որ հարցերը մնում են անպատասխան։ Անպատասխան մնաց նաև «ԲԹԿ-ով ուղեւորափոխադրումներ կգործարկվեն թե ոչ» հարցը։