Կոքսակի վիրուսը չի դադարում տարածվել Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Երեխաների վարակման դեպքեր են գրանցվել ինչպես Խուլգումո, այնպես էլ Կուլիկամ գյուղերում։ Ներկա դրությամբ փակ է մնում Խուլգումո գյուղի մանկապարտեզի մեծերի խումբը։
«Հիվանդ երեխաները մանկապարտեզ չեն հաճախում, եթե հանկարծ հիվանդ երեխա գնա, իհարկե՝ նրան տուն կուղարկեն։ Արդեն տոնական օրերն են մոտենում, մենք պետք է ներկայացնենք երեխաների քանակ, պարկերի համար։ Անկեղծ ասած, այնքան շատ տարաժվեց վարակը, որ արդեն չգիտենք ինչ անել։ Մտածում եմ այն մանկապարտեզները, որտեղ դեպքեր են հաստատվել սահմանված արձակուրդներից մեկ շաբաթ շուտ արձակենք՝ դեկտեմբերի 25-ին»,- ասաց Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը։
Կուլիկամի մանկապարտեզում երեխաների հաճախելիությունը կտրուկ նվազել է, վարակման դեպքերը շատացել են։ Կուլիկամում վիրուսի առաջին դեպքը չի գրանցվում։ Իսկ Խուլգումոյի մանկապարտեզի մեծերի խումբը նոյեմբերի 28-ից փակվել է։ Յուրաքանչյուր խումբ փակվում է երկու շաբաթով։ Խուլգումոյում վարակը հաստատվել է 8-10 երեխայի մոտ։
Հիշեցնենք, որ սկզբում վիրուսը գրանցվել էր Ազավրեթ գյուղի մանկապարտեզում, այնուհետև Չունչխա և Կուլիկամ գյուղերում։
Կոքսակի վիրուսի տարածման աղբյուր կարող է լինել միայն մարդը: Վիրուսը հեշտությամբ փոխանցվում է մի քանի ճանապարհներով՝ ալիմենտար և կոնտակտային, օդակաթիլային, հազվագյուտ դեպքերում վիրուսը փոխանցվում է մորից երեխային հղիության ընթացքում կամ ծննդյան ճանապարհով անցնելիս: Կոքսակի վիրուսը չափազանց վտանգավոր է հղիների համար:
Վիրուսային վարակի հարուցիչը կարող է երկար ժամանակ մնալ ջրում, առարկաների մակերեսին և սննդի վրա։ Այն չի մահանում, երբ սառեցվում է կամ մշակվում է 70% ալկոհոլային լուծույթով, գոյատևում է ստամոքսահյութի մեջ պահպանելով ախտածին հատկությունները մի քանի ամիս և դիմացկուն է թթուների և սպիրտների նկատմամբ։ Վիրուսային մասնիկները մահանում են միայն ֆորմալդեհիդի, ուլտրամանուշակագույն լույսի, բարձր ջերմաստիճանի բուժման (վիրուսի ոչնչացումը տեղի է ունենում ակնթարթորեն եռացող ջրի մեջ) կամ ռադիոակտիվ ճառագայթման ազդեցության տակ:
Այս թեմայով կարող եք նաև կարդալ՝