Ախալքալաքում քննարկվում է հաջորդ՝ 2025 թվականի բյուջեն։ Ախալքալաքի քաղաքապետարանի Սոցիալական աջակցության ծառայությունը պատասխանել է սակրեբուլոյի պատգամավորներին հետաքրքրող հարցերին, այդ թվում՝ մշտական հեմոդիալիզի կարիք ունեցող երիկամային անբավարարությամբ հիվանդների նպաստի չափի վերաբերյալ։
2024 թվականին երիկամային անբավարարությամբ տառապողները ստանում էին տարեկան 2000 լարի միանվագ օգնություն, այս գումարի մեջ ներառված է նաև ճանապարհածախսը։
Սակայն միանվագ օգնության չափը հաջորդ՝ 2025 թվականին, տարբեր հիվանդների համար տարբեր է լինելու։ Բանն այն է, որ այս տարի հեմոդիալիզ անցնելու նպատակով այլ քաղաքներ մեկնած 30-35 մարդկանցից 8-ը սկսել են այս ծառայությունը ստանալ Ախալքալաքում, այդ թվում՝ ինչպես Ախալքալաքի, այնպես էլ Նինոծմինդայի բնակիչները։ Այս 30-35 հոգուց 17-ը Ախալքալաքի բնակիչներ են։ Այն հիվանդները, ովքեր նախկինի պես այս ծառայությունը կստանան այլ քաղաքներում, քանի որ Ախալքալաքի հիվանդանոցը կարող է սպասարկել ընդամենը 8 հոգու, կստանան 2000 լարի, իսկ Ախալքալաքում ստացողները՝ 1500 լարի՝ հանած չանապարհածախսի գումարը։ Նաև հեմոդիալիզի կարիք ունեցող բուժառուները դեղերի համար ստանում են 500 լարի միանվագ օգնություն։