Ինչպես արդեն տեղեկացրել էինք մունիցիպալիտետում նոր վիրուս է տարածվում։ Ախալքալաքի մունիցիպալիտետում կոքսակի վիրուսն առաջին անգամ գրանցվել է Ազավրեթ գյուղում, այնուհետև՝ Չունչխա և Կուլիկամ գյուղերում։ Վիրուսի տարածման հետևանքով փակվել էին վերոնշյալ գյուղերի մանկապարտեզները։ Հիմա արդեն վիրուսի մեկական դեպք է գրանցվել Գումբուրդո և Վաչիան գյուղերի մանկապարտեզներում։

Ախալքալաքի առողջապահության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանն ասում է․

«Կոքսակի վիրուսն սկսել է ավելի արագ տարածվել։ Գումբուրդո և Վաչիան գյուղերում հաստատվել է մեկական դեպք։ Մենք չենք կարող միանգամից փակել մանկապարտեզները, վերահսկում ենք իրավիճակը, եթե վիրուսը տարածվի մի խմբում, ապա կփակենք այդ խումբը, ոչ թե ամբողջ մանկապարտեզը։ Հիմա այնպես ենք անում, որ խմբերը միմյանց հետ կապ չունենան։ Միմյանց խաղալիքներով, որ խաղում են այդպես տարածվում է»։

Կոքսակի վիրուսը դեռ հաստատվել է միայն փոքրահասակների շրջանում, բարդ դեպքեր չեն գրանցվել, սակայն պետք է լինել շատ զգույշ, քանի որ այս վիրուսը նույնպես կարող է ունենալ բարդ հետևանքներ։

Այս թեմայով՝ Ախալքալաքում տարածված է կոքսակի վիրուսը

Կոքսակի վիրուսի տարածման աղբյուր կարող է լինել միայն մարդը: Վիրուսը հեշտությամբ փոխանցվում է մի քանի ճանապարհներով՝ ալիմենտար և կոնտակտային, օդակաթիլային, հազվագյուտ դեպքերում վիրուսը փոխանցվում է մորից երեխային հղիության ընթացքում կամ ծննդյան ճանապարհով անցնելիս: Կոքսակի վիրուսը չափազանց վտանգավոր է հղիների համար:

Վիրուսային վարակի հարուցիչը կարող է երկար ժամանակ մնալ ջրում, առարկաների մակերեսին և սննդի վրա։ Այն չի մահանում, երբ սառեցվում է կամ մշակվում է 70% ալկոհոլային լուծույթով, գոյատևում է ստամոքսահյութի մեջ պահպանելով ախտածին հատկությունները մի քանի ամիս և դիմացկուն է թթուների և սպիրտների նկատմամբ։ Վիրուսային մասնիկները մահանում են միայն ֆորմալդեհիդի, ուլտրամանուշակագույն լույսի, բարձր ջերմաստիճանի բուժման (վիրուսի ոչնչացումը տեղի է ունենում ակնթարթորեն եռացող ջրի մեջ) կամ ռադիոակտիվ ճառագայթման ազդեցության տակ: