Օգոստոսին Վրաստան փոխանցված միջոցների ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,3%-ով և կազմել 290,6 մլն ԱՄՆ դոլար, իսկ Վրաստանից փոխանցված միջոցների ծավալն աճել է 12,1%-ով և կազմել 33,1 մլն դոլար»,- ասվում է զեկույցում, որը հրապարակել է Վրաստանի Ազգային բանկը։

Ըստ Ազգային բանկի՝ դրամական փոխանցումների աննշան աճը պայմանավորված է բազային էֆեկտի սպառմամբ։

«Օգոստոսին Ռուսաստանից դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով նվազել են 30%-ով՝ հասնելով 43 մլն ԱՄՆ դոլարի, սակայն ԱՄՆ-ից (24,9%-ով) և Իսրայելից (18,2%-ով) դրամական փոխանցումները շարունակել են աճել բարձր տեմպերով։ Բացի այդ, դրամական փոխանցումներն այլ երկրներից, ինչպիսիք են Ղրղզստանը և Մեծ Բրիտանիան, շարունակում են աճել (աճը՝ համապատասխանաբար 62,4% և 20,5%)։ ԵՄ երկրները, Իտալիան և Գերմանիան շարունակում են զգալի ներդրում ունենալ դրամական փոխանցումների աճի հարցում։ Օգոստոսին արձանագրվել է դրամական փոխանցումների նվազում տարածաշրջանի երկրներից, մասնավորապես՝ Թուրքիայից և Ադրբեջանից (նվազումը՝ համապատասխանաբար 5,2% և 11,8%)։ Ուկրաինայից դրամական փոխանցումները մնում են նվազագույն մակարդակի վրա։ Օգոստոսին դրամական փոխանցումների հիմնական աղբյուրները եղել են ԵՄ երկրները (44,5%), ԱՄՆ-ը (17,5%) և Ռուսաստանը (14,6%)։ ԵՄ երկրներից հարկ է նշել Իտալիայի, Հունաստանի և Գերմանիայի բարձր ներդրումը դրամական փոխանցումներն ընդհանուր ծավալում»,- ասվում է Ազգային բանկի տեղեկատվության մեջ։