Հայ-վրացական խորհրդարանական խմբի հերթական հանդիպման ժամանակ քննարկվելու է ապրիլի 23-24-ին Ախալցխայում (Ախալցիխե) տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
«Մենք պետք է կարողանանք մեր երկու ժողովուրդների, պետությունների միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա տանենք և թույլ չտանք, որ որևէ խոչընդոտ, կամ որևէ նեգատիվ երևույթ, կամ տհաճություններ ստվեր գցեն այդ հարաբերությունների վրա»,- այս մասին, մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում, անդրադառնալով Ախալցխայի դեպքերին հաջորդած իրադարձություններին՝ նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-վրացական խորհրդարանական խմբի նախագահ Հերմինե Նաղդալյանը:
Հարցին, թե իր կարծիքով, մեղավորները կպատժվե՞ն, ԱԺ փոխնախագահն արձագանքել է. «Վրաստանի խորհրդարանի մեր կոլեգաները կդժվարանան դերակատարություն ստանձնել, որը դրա համար հատուկ կոչված մարմինների դերակատարությունն է: Նրանց հետ զրույցի ընթացքում կառաջարկենք այդ հարցը բարձրացնել իրենց պատկան մարմինների մոտ»:
Նաղդալյանը չի համաձայնել այն տեսակետի հետ, թե Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը կամ դեսպանատունը որևէ գործողություն այդ իմաստով չեն ձեռնարկել:
«Կարծեմ, դեսպանն այցելել է և տեղեկություններ ունի: Այնուամենայնիվ, այս շատ ծանր ու տհաճ միջադեպը չի կարող և չպիտի ստվեր գցի երկու բարեկամ երկրների ու ժողովուրդների հարաբերությունների վրա: Մենք, բնականաբար, ունենք բավականին ակտիվ հարաբերություններ խորհրդարանական մեր գործընկերների հետ, մոտ ժամանակներս սպասում ենք Վրաստանի խորհրդարանի Վրաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների այցը: Անպայման նրանց հետ կքննարկենք այս խնդիրը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-24-ին, ըստ երիտասարդների, Ախալցիխե քաղաքի ոստիկանության շենքում ոստիկանները ծեծել էին հայ երիտասարդներին և անհարգալից արտահայտություն արել Հայոց Ցեղասպանության զոհերի հասցեին: Իսկ մայիսի 3-ին Ախալցիխե այցելեց Վրաստանի Ներքին Գործերի նախարարը: Նախարարի այցին հաջորդեց Սամցխե-Ջավախքի ոստիկանության դեպարտամենտի հայտարարությունը, որը հերքում է ոստիկանության կողմից իրականացրած բռնություններն ու ճնշումները:
«Տեղական մամուլի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Ախալցիխեի շրջանի Աբաթխև գյուղում վրացիների և հայերի միջև, կոնկրետ էթնիկ հողի վրա ֆիզիկական և խոսակցական բնույթի վեճ է եղել: Եվ այն ինֆորմացիան, որ Ախալցիխեի շրջանային ոստիկանության բաժանմունք տարած մարդկանց իրավապահները էթնիկ կամ կրոնական հողի վրա ճնշում են գործադրել՝ չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Թեյմուրազ Կալանդաձեն:
Նշենք, որ Սամցխե-Ջավախքի մարզային դատախազությունը հետաքննություն է սկսել Ախալցիխեի ոստիկանների կողմից հարցաքննության ժամանակ հնարավոր ճնշում կատարելու փաստով: Դատական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի համաձայն` «լիազորությունների չարաշահում»:
Լուսանկարը՝ Էդուրադ Այվազյանի ֆեյսբուքյան էջից
Աղունիկ Այվազյան