Նոր ուսումնական տարին Վրաստանի հայալեզու դպրոցների տարրական դասարանների աշակերտները դիմավորեցին նոր տպագրված հայերեն դասագրքերով: Սակայն Ախալքալաքի շրջանի մի շարք դպրոցներում նոր դասագրքերի պակաս կա:
Նախկին բիլինգվալ, այսինքն՝ 30% վրացերեն և 70% հայերեն կազմված գրքերի փոխարեն, այսուհետ երեխաները կսովորեն ամբողջովին հայերեն դասագրքերով:
Երկար տարիներ Վրաստանը փորձում է լուծել ազգային փոքրամասնությունների դպրոցներում դասագրքային խնդիրը։ Այս տարի վերջապես լուծվեց խնդիրը և տպագրվեց նոր հայերեն դասագրքեր I-VI-րդ դասարանների համար:
Մերենիա գյուղում աշակերտների ծնողները դժգոհում են, որ երկու աշակերտի մի գիրք ու մի տետր է հասել:
«Մեր համար գյուղի հիմնական խնդիրը կրթության մակարդակն է, մեր ավարտականները լրացուցիչ պարապմունքների են գնում, որպեսզի կարողանան Երևանի տարբեր ԲՈՒՀ-եր ընդունվել։ Եթե երկու երեխային մի գիրք ու տետր է հասնում, ինչպես պետք է սովորեն, գրքի դեպքում էլի հասկանալի է, բայց ինչպես կարող է մի տետրը երկու աշակերտի տալ»,- ասաց դպրոցականի ծնողը։
Մերենիա գյուղի հանրային դպրոցի տնօրեն Անուշ Քաղքցյանը հաստատում է, որ իրենց դպրոցում նման խնդիր կա:
«Այո ներկա դրությամբ ունենք գրքի պակաս, ստացել ենք անցած տարվա աշակերտների քանակով։ Ինչպես նաև ստացել ենք գրքերի միայն առաջին մասերը, իսկ գրքերը բաղկացած են երեք մասից։ Քանի որ անցած տարվանից սպասում էինք այդ դասագրքերին, ըստ այդմ անցած տարվա աշակերտների քանակով ենք ստացել, այս տարի քանակը փոխվել է և ավելի շատ է։ Պակասի համար դիմել ենք, և հուսանք կլրացնեն։ Ունենք նաև 7-րդ դասարանի քաղաքակրթության, մաթեմատիկայի, ֆիզիկայի գրքերի պակաս, այս գրքերի էլեկտրոնային ձևը կա, սակայն դա հարցի լուծում չէ», – ասաց դպրոցի տնօրեն Անուշ Քաղքցյանը։ Միաժամանակ հավելում է, որ իրենց դպրոցում այբբենարանի խնդիր ևս ունեն:
Մոդեգամի հանյաին դպրոցի տնօրեն Չախալյան Հովհաննեսն արդեն հասցրել է նոր ցուցակ ներկայացրել Կրթական ռեսուրս կենտրոն։
«Ահագին գրքերի պակաս ունենք, համարյա բոլոր առարկաներից։ Դիմել եմ ստանալու համար, հուսանք շուտ կստանանք», – ասաց դպրոցի տնօրեն Հովհաննես Չախալյանը։
Նույն խնդրի առջև է կանգնած նաև Օլավերդ գյուղի դպրոցը։
«Մեր ստացած գրքերը բավարար քանակով չէ: Կարող եմ ասել, որ յուրաքնաչյուր դպրոց էլ ունի դասագրքի պակաս», – նշեց Օլավերդ գյուղի դպրոցի տնօրեն Գառնուկ Տաշչյանը։
«Ունենք 6-րդ դասարանի բնության գրքերի պակաս, մի աշակերտի չի բավականացրել, դիմել ենք ստանալու համար։ Անմխիթար վիճակում է գտնվում հայոց լեզվի և գրականության գրքերը: Գիրք ունենք, բայց լրիվությամբ մաշված վիճակում են», – ասաց Քարսեպ գյուղի հանրային դպրոցի տնօրեն Մալխասյան Մալխասը։
Կարտիկամ գյուղի հանրային դպրոցի տնօրեն Արարատ Էլիզբարյանի խոսքով, իրենք ևս դասագրքի պակաս ունեն, բայց դիմել են լրացնելու համար։
«Ունեինք պակաս, դպրոցների տնօրենների հետ համագործակցելով լրացնում ենք միմյանց պակասը, սակայն ես տեղյակ եմ, որ նոր գրքեր պետք է ստանանք և պակասը կլացնենք», – ավելացրեց դպրոցի տնօրեն Արարատ Էլիզբարյանը։
Ախալքալաքի շրջանի դպրոցների տնօրենները հիմնականում գոհ են նոր տպագրված դասագրքերի որակից՝ չնայած տպագրական որոշ թերությունների:
«Որոշ չափով կան դժգոհություններ, տպագրական թերություններ, բայց ընդհանուր առմամբ լավ է, ոչինչ։ Մեր ամենառաջնային խնդիրը հայոց լեզվի և գրականության դասագրքերն են, շատ ուշ-ուշ ենք ստանում Հայաստանից, որոնք չեն հերիքում մեր երեխաներին: Վերջին անգամ հայոց լեզու և գրականության դասագիրք ստացել ենք երկու տարի առաջ», – նշեց Իխտիլայի հանրային դպրոցի տնօրեն Վանուհի Մալխասյանը:
Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը հավաստիացնում է, որ վերջին անգամ մայրենիի դասագրքեր ստացել են անցած տարի, իսկ Վրաստանպում տպագրված նոր դասագրքերի առնչությամբ նշեց.
«Մայրենի լեզվի գրքերը ստացել ենք անցած տարի, իսկ ինչ վերաբերում է բազայի պակասին, պարբերաբար ստանում ենք և բաժանում դպրոցներին: Դիմում ենք նախարարություն և ստանում, ընթացքի մեջ է։ Հայոց լեզվի գրքերը ինչ որ մի տեղ ավել է, ինչ որ մի տեղ պակաս, դա դպրոցներն էլ կարող են միմյանց մեջ փոխել», – ասաց Թերեզա Չիվչյանը։