Վրաստանի քաղաքացի շուրջ 290 ուսանող, որոնք սովորում են Հայաստանում, վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն են ստացել: Ստորև ներկայացնում ենք ցուցակները: Այն ուսանողները, որոնց անուն-ազգանունները չկան ներքոնշյալ ցուցակներում, կարող են դիմել «Վրացական երազանքի» նախընտրական շտապ:

Այսօր, սեպտեմբերի 15-ի առավոտյան Ախալքալաքում «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական շտապը հայտարարություն է տարածել, ըստ որի, ուսանողները վրաց-հայկական սահմանը հնարավորինս արագ հատելու համար կարող են կապ հաստատել իրենց հետ:

«Ախալքալաքի և Նինոծմինդայնի (Ջավախք) ուսանողները, ովքեր սովորում են Հայաստանի բուհերում ու ցանկանում են հատել Վրաստանի սահմանը դեպի Հայաստան՝ ուսումը շարունակելու համար, կարող են դիմել «Վրացական երազանքի» նախընտրական շտաբ Ախալքալաք քաղաքում, որը գտնվում է Չարենցի 11/1 հասցեում»,- ասված է հայտարարության մեջ:

Վրաստանի խորհրդարանի ներկայիս պատգամավոր և մեծամասնական պատգամավորի թեկնածու Սամվել Մանուկյանը JNEWS-ին տրամադրեց այն ուսանողների ցուցակը, որոնք արդեն կարող են անարգել մեկնել Հայաստան: Հարկ է նշել, որ ուսանողները վրաց-հայկական սահմանը պետք է հատեն Սադախլոյի անցակետով:

«Մենք հնարավորություն ունենք, կարող ենք մեր ուսանողներին օգնել, հնարավորինս արագ, առանց ժամանակ ու միջոցներ վատնելու թույլտվություն ստանալ և հատել Վրաստան-Հայաստան պետական սահմանը: Մոտավոր 2-3 օրվա մեջ կարող են թույլտվությունը ստանալ: Այսինքն՝ ուսանողը մեզ է դիմում և նշում, թե երբ է ուզում երկրից դուրս գալ և մենք արագ կկազմակերպենք»,- Jnews-ին հայտնեց Սամվել Մանուկյանը:

Նշենք, որ Վրաստանի քաղաքացի ուսանողներին, որոնք սովորում են Հայաստանում, թույլտվություն պետք է տրամադրի Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը: Թե ինչո՞ւ է պետական այս ատյանը ձգձգում թույլտվության տրամադրումը, հարցական է:

Սեպտեմբերի 14-ին, JNEWS-ի հետ զրույցում Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից վստահեցրին, որ իրենք հնարավորինս արագ կարձագանքեն ուսանողների դիմումներին: Սակայն, գրեթե երկու շաբաթ է ուսանողների տվյալները գտնվում են ԱԳՆ-ում:

Ջավախքի ուսանողները, ովքեր սովորում են Հայաստանի տարբեր համալսարաններում, COVID-19-ի պայմաններում փակ սահմանների պատճառով, ուսման նպատակով չեն կարողանում Հայաստան մեկնել:

Նշենք, որ Հայաստանի Պարետատան, ՀՀ ԱԳ նախարարության և Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իրականացրել է համապատասխան աշխատանքներ՝ ապահովելու Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք՝ առանց 14-օրյա ինքնամեկուսացման պայմանի կիրառման:

cucak12-16
cucak9-11
cucak7-8
cucak5-6
cucak3-4
cucak1-2