Այս գյուղում մարդիկ ապրում ու արարում են հայ մեծանուն աշուղ Ջիվանու խոհափիլիսոպայությամբ: Կարծախում Ջիվանին ներկա է ոչ միայն իր երեգերով ու խրատներով, այլև գյուղամեջում կանգնեցված մի շատ գեղեցիկ հուշարձանով:

Առավոտյան քաղցր հովիկ,
Գնա դեպ երկիրն Ջավախ,
Ունիմ մեկ ծերունի մայրիկ,
Գնա տես ի գյուղն Կարզախ…

Յուրաքանչյուր կարզախցի շատ լավ ծանոթ է այս տողերին, ավելին, հենց այս երգի բառերով են Կարծախում դիմավորում ցանկացած եկվորի: Իսկ տողերի հեղինակը բոլոր ժամանակների մեծ փիլիսոփա, հայ աշուղական երգարվեստի Կոմիտասը համարվող աշուղ Ջիվանին է: Ջիվանուց լավ ոչ ոք չէր կարող զգալ ու նկարագրել Կարզախի բնությունն ու մարդկանց, գույները, լեռներն ու խոզափինից եկող մեղմ զեփյուռները: Չէ, որ հենց Կարզախի հող ու ջրից է սնուցվել, հասակ առել հայազգի մեծագույն աշուղը` Ջիվանին: Նրա հայրենասիրական երգերը բացառիկ տեղ են գրավում հայ աշուղական պոեզիայի պատմության մեջ:

Մանկավարժ, Ջիվանու տուն-թանգարանի գիդ աշխատող Հակոբ Քերոբյանը հիշում է.

«1996 թվականին Ջիվանու հոբելյանական տարին էր: Նախաձեռնել էին արձան տեղադրել այդ առիթով, սակայն ի սկզբանե որոշել էին, որ այն պետք է Ախալքալաքում տեղադրվի, պատճառաբանելով, որ Կարզախում` Բերդի տարածքում արդեն տեղադրված է Ջիվանու կիսանդրին: Կարզախցիները ոչ միայն չհամաձայնեցին այլև պայքարեցին, որ Ջիվանու արձանը կանգնեցվի հենց Կարզախում», -պատմում է պարոն Քերոբյանն ու շարունակում. «Գյուղամեջ տարածքը ձեռք բերելն էր որոշակի դժվարություններ առաջացրեց, սակայն ի վերջո 96 թվականի մարտ-ապրիլ ամիսներին սկսվեցին պարիսպները կառուցելու աշախատանքները: Արձանը նախատեսվածից մի փոքր ուշացավ, սակայն հուլիս ամսին այն գտավ իր հիմնական ու իսկական տեղը»:

Ջիվանու արձանը, որ մինչև այսօր զարդարում է գյուղը և հայացքը չի կտրում կարզախցիներից՝ քանդակել է Բաղդասար Սարգսյանը:

Jivani arcan

Ջիվանու ստեղծագործությունները, խրատներն ու մտքերը մինչև օրս արդիական են: Աշուղի ծննդավայրում մինչև օրս արտասանում, երգում ու որ ամենակարևորն է դաստիարակվում են հենց Ջիվանու փիլիսոփայությամբ:

Գյուղում 2016 թվականից գործում է նաև աշուղ Ջիվանու տուն-թանգարանը, որը դարձել է մի յուրահատուկ կրթա-մշակութային կենտրոն ինչպես գյուղի, այնպես էլ ամբողջ շրջանի համար: Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են ազգային երգ ու պարին, ասմունքին նվիրված միջոցառումներ, ինչպես նաև ամենատարբեր դասընթացներ:

tangaran

Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունն ավանդաբար հուլիսյան վերջին օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու մեծարմանը:

Ջիվանի (Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում) – 20.2(5.3).1909, Թիֆլիս) հայ աշուղ, ժող. երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջիվանին յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվագել քյաման և ջութակ, հորինել է թուրքերենով ու հայերենով երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային։ Նրա հետ ընկերանալով՝ Ջիվանին 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868–95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։

Ջիվանու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Ջիվանին քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգային և կրոնական խտրությունները։

Ջիվանին XIX դ. ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգային դպրոց։

Մեզ է հասել Ջիվանի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։

Հերմինե Կարապետյան