Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակչի մոտ, որը հունիսի 2-ին տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ, հաստատվել է կորոնավիրուս:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Ավետիք Տոնականյանի խոսքով, Ղաուրմա գյուղի բնակչի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

Սա Ջավախքում առաջին դեպքն է: Ինչպես մեզ հայտնեցին Հանրային առողջապահության կենտրոնից, նա ունի թեթև, ասիմպտոմատիկ հիվանդության ընթացք: Մասնագետների կարծիքով, այս ձևի ախտանշանները կարող են լինել համի զգացողության և հոտառության կորուստը: Ասիմպտոմատիկ մեղմ ձևը վիրուսի արագ տարածման պատճառ է հանդիսանում:

Մայիսի 31-ին Ղաուրմա գյուղի բնակիչը կարանտինից տուն էր վերադարձել։ Վրաստան գալուց հետո նա 14 օր կարանտինային գոտում էր գտնվում: Նրան թեստավորել էին կորոնավիրուսի առնչությամբ, բայց թույլ տվել տուն գնալ, սակայն հունիսի 2-ին Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակիչը կեսօրին տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ՝ կորոնավիրուսի կասկածանքով: Բնակիչն ինքը չէր դիմել տեղի հիվանդանոցներին կամ բժիշկներին: Նրան փնտրել և գտել էին Հիվանդությունների վերահսկման կենտրոնից:

Այն մասին, թե ինչպես է եղել, որ վարակված անձին բաց են թողել կարանտինից, և ինչ անվտանգության միջոցներ են ձեռնարկվելու Ջավախքում, մենք կհաղորդենք մեր հաջորդ նյութերում:

Ըստ stopcov.ge-ի՝ այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսով վարակվելու 801 դեպք:

Ապաքինվել է ևս 4 հիվանդ, իսկ բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 644:

Միևնույն ժամանակ, Վրաստանի երեք քաղաքացի երկիր է տեղափոխվել արտասահմանից՝ բուժման նպատակով:

Երկրում նոր կորոնավիրուսից մահացել է 13 հոգի:

Կարանտինում է գտնվում 2424 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ գտնվում է 304 քաղաքացի։