Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա գյուղում արդեն սկսվել է նոր դպրոցի շենքի կառուցումը: Նախատեսվում է, որ դպրոցի շենքը շահագործման կհանձնվի 2020-2021 թվականների նոր ուսումնական տարում:

Նոր դպրոցի շենքի շինարարությունը սկսվել է 2019 թ.-ի վերջին ամիսներին, այս պահին շինարարությունն ընթացքի մեջ է, և ըստ պաստառի տեղեկության, շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2020 թվականի հոկտեմբերի վերջը: Դպրոցի կառուցման համար Վրաստանի Մունիցիպալ զարգացման հիմնադրամը հատկացրել է 1.905 230 լարի: Աշխատանքներն իրականացնում է «Element Construction and Design»-ը:

Ըստ Չունչխա գյուղի դպրոցի տնօրեն Էմզար Պապիձեի, դպրոցը պատրաստ կլինի սեպտեմբերին:

Չունչխա գյուղի դպրոցում սովորում է 91 աշակերտ, որոնցից 28-ը հարևան Պտենա գյուղից են: Շուտով բոլոր երեխաները կսկսեն հաճախել նոր դպրոց:

Shkola 1

Ըստ տենդերային փաստաթղթերի, կլինի 9 դասասենյակ, 3 աշխատասենյակ և 1 լաբորատորիա:

Դպրոցում նաև տեղ կհատկացվի տնօրենի աշխատասենյակի, հաշվապահության և բժշկի սենյակի համար:

Ինչպես ավելի վաղ մեզ հայտնել էր դպրոցի տնօրենը, նոր դպրոցը կունենա նաև արխիվների համար տեղ, գրադարան, բուֆետ, ախտահանող դարակաշարերով սանհանգույց և հանգստի գոտի:

Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 1-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա գյուղի միջնակարգ դպրոցի փայտե շենքում հրդեհ էր բռնկվել: Չունչխա գյուղի վրացական դպրոցը բաղկացած էր երկու մասնաշենքերից` դպրոցի հիմնական շենքից (տեղակայված նախկին մանկապարտեզի շենքում) և փայտե ֆիննական տնակից, որն այրվել էր հրդեհի ժամանակ: Դրանից հետո աշակերտների մի մասը շարունակեցին իրենց ուսումը գյուղապետարանին պատկանող շենքում:

Հարևան Պտենա գյուղի աշակերտները նույնպես սովորում են Չունչխայի միջնակարգ դպրոցում: Պտենա գյուղի դպրոցը գտնվում է վթարային վիճակում, արդեն քանի տարի է, ինչ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն այնտեղ արգելել է դասեր անցկացնել: Դասերը Չունչխայի դպրոցում անցկացվում են երկու հերթափոխով: Առաջին հերթափոխով դաս են անում Չունչխա գյուղի աշակերտները, իսկ երկրորդով՝ Պտենայի աշակերտները:

Բրատիսլավ Իգիթխանյան