Սամցխե- Ջավախքում կենդանիների անվճար պատվաստումները կսկսվեն մարտ ամսից: Այս մասին Jnews- ին հայտնեցին Սննդի ազգային գործակալության տարածքային գրասենյակից:

Պատվաստումների պետական ​​ծրագրի մեջ մտնում է այնպիսի հիվանդությունների պատվաստում, որոնք վնասակար են մարդու համար, ինչպես նաև մեծ վնաս են հասցնում ֆերմերին և տարածվում են արագ:

Անվճար պատվաստումներն իրականացվում են հետևյալ հիվանդությունների դեմ՝ սիբիրյան խոց, դաբաղ, բրուցելոզ և դերմատիտ:

Գործակալության տարածաշրջանային բաժնի պետ Լիա Բեքաուրիի խոսքով՝ պատվաստումները կշարունակվեն մինչև տարեվերջ:

«Քանի որ մեր շրջանում կան մեծ թվով կենդանիներ, պատվաստումները կշարունակվեն մինչև տարեվերջ: Անասնաբույժների հետ պայմանագիր է կազմվում, և նրանք տեղում պատվաստում են: Մեր տարածաշրջանում ունենք մինչ 100,000 խոշոր եղջերավոր անասուն և մինչ 60,000 մանր եղջերավոր անասուն », – ասում է Լիա Բեքաուրին:

Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի տվյալների համաձայն, Ախալքալաքի մունիցիպալիտետում մոտավորապես հաշվառված է.

19 564 կթու կով,
30 935 հորթ ու ցուլ,
11 454 խոզ,
9227 ոչխար,
311 այծ,
55755 հավ,
230 հնդկահավ
471 բադ և
80 այլ կենդանիներ: