Գորելովկա գյուղում գլխավոր ջրատարին ավելի քան 40 անօրեն միացումներ կան, որոնք մինչև մայիս ամիս չեն անջատվի: Հատուկ հանձնաժողովն արդեն երեք օր է աշխատում է տեղում: Նինոծմինդայի քաղաքապետի խոսքով, նոր այլընտրանքային ջրատարի կառուցման համար աշխատանքներ են տարվում:

Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ հիմա կենտրոնական ջրագծից անջատումներ չեն լինելու։

«Հիմա անջատումներ չեն լինելու, եթե կլիմայական այս պայմաններում անջատումներ լինեն, ապա միացումներ էլ պետք է լինեն: Բնականաբար միացումներ չեն կարող լինել, քանի որ դա գլոբալ աշխատանք է և անջատման դեպքում պետք է կատարվի նաև զոդման աշխատանքներ, իսկ դա կարող է հանգեցնել ջրատարի սառեցմանը և ամբողջ գյուղը կմնա առանց ջրի։ Այդ պատճառով միացումները կմնան մինչև մայիս ամիս, մինչև կլիմայական պայմանները թույլ տան»,- տեղեկացրեց Անիվարդ Մոսոյանը:

Միաժամանակ հավելելով, որ մինչև գարուն այլընտրաքային ջրատարի անցկացման նախագիծ կկազմվի և աշխատանքների իրականացման համար էլեկտրոնային մրցույթ կհայտարարվի:

«Նախագիծ կստեղծվի, որից հետո արդեն համապատասխան տենդեր կհայտարարվի և նախագիծը իրականացվի։ Ջրատարին միացած է ոչ միայն Կյուրեղյանի ֆերման, այլ նաև՝ 10, 20, 30, 40 տուն։ Պարզապես գյուղի բնակիչները մի քանի մարդու անուն էին տալիս, իսկ այսօր հարցը դրել և ասում են, որ չանջատեն, որպեսզի այդ մարդիկ առանց ջրի չմնան»,- ընդգծեց Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։

Գորելովկա գյուղի բնակիչ Մնացական Բաբաջանյանն ասում է, որ ուղիներ են փնտրում ջրի խնդիրը լուծելու համար։

«Հանձնաժողովը եկել է, հիմա էլ չեն կարող համաձայնության գալ, մի ձև գտնեն մինչև գարուն ժողովուրդն ապահովված լինի ջրով, իսկ մնացած ջուրն իրենց լինի։ Մենք նրանց նման չենք, մենք համաձայն ենք, որ իրենք էլ գյուղացի են։ Հանձնաժողովի անդամները զարմացել են, թե այսքան միացում ինչպես կարելի է անել», – ասաց Մնացական Բաբաջանյանը։

Վերջինս նաև նշեց, որ Կյուրեղյանները իրենց ֆերմաներից մեկում արտեզյան ջուր ունեն, և, եթե գոնե մի ֆերմային այդ ջրով բավարարեն, ապա ահագին փոփոխություն կլինի:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին, Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղի բնակիչները փակել էին հայ-վրացական միջպետական ճանապարհը և պահանջում էին լուծել իրենց գյուղի ջրի խնդիրը: Խնդիրը կայանում է նրանում, որ խոշոր ֆերմաներին ավելի շատ ջուր է հասնում, ինչի պատճառով մնացած բնակիչներին ջուրը չի բավականացնում:

Մասնավորապես, Գորելովկա գյուղի բնակիչները պահանջում էին, որ Սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանն անջատի իր ֆերմայի ջուրը: Սամցխե-Ջավախքի նահանգապետի, խորհրդարանի պատգամավորի, տեղական իշխանությունների և գյուղացիների միջև կայացած դռնփակ հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության եկան, հատուկ հանձնաժողով ստեղծել, որը և կզբաղվի ջրի հարցով:

Արդեն երեք օր է հատուկ հանձնաժողովն աշխատում է Նինոծմինդայի շրջանի Գորելովկա գյուղում:

Սումբատ Կյուրեղյան. «Նրանք ուզում էին իմ անվան հետ խաղալ»

«Համբերության բաժակը» Գորելովկայում «լցվել է»

Դռնփակ հանդիպման արդյունքները. Բեսիկ Ամիրանաշվիլի

Սումբատ Կյուրեղյանը համաձայն է անջատել իր ֆերմայի ջուրը

Նինոծմինդայի Սակրեբուլոյում ընթանում է դռնփակ հանդիպում

Գորելովկայի բնակիչները փակել են մայրուղին, նրանք ջուր և հողատարածք են պահանջում

Գայանե Ակոջյան