Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Նինոծմինդայի մունիցիպալիտի քաղաքապետարանում դռնփակ հանդիպումից հետո հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցներին, որում նա խոսել է Գորելովկա գյուղում առկա խնդիրների մասին:

Նահանգապետը մեկնաբանել է այն հիմնական հարցը, որը բարձրաձայնում են Գորելովկա գյուղի բնակիչները:

«Մենք խոստացանք, որ կստեղծվի հանձնաժողով, որը կհամալրվի մասնագետներով: Մոտ 2 օր հետո նրանք կմեկնեն գյուղ: Մեր տեղեկությունների համաձայն՝ գլխավոր ջրատարի վրա անօրինական միացումներ կան: Կենտրոնական ջրատարից կանջատեն և բոլոր բնակիչներն ու ֆերմերները կօգտվեն ինչպես մնացած բոլոր քաղաքացիները: Հետևաբար, համեմատաբար ավելի շատ ռեսուրսներ կպահպանվի այս եղանակով, չնայած ես կարծում եմ, որ խնդիրը դրանով հնարավոր չէ լուծել, այդ իսկ պատճառով մենք կմտածենք այլընտրանքների մասին: Գարնանը, երբ կլիմայական պայմանները հնարավորություն կտան կառուցել այլընտրանքային գիծ, որպեսզի Գորելովկա գյուղում լուծվի ջրամատակարարման հարցը: Սա նշանակում է, որ անհրաժեշտ է օգտագործել լրացուցիչ ռեսուրսներ: Պետք է գտնել լրացուցիչ ֆինանսներ», – ասել է նահանգապետը:

Հանդիպմանը բարձրացվեց նաև հողատարածքների և արոտավայրերի հարցը:

«Մենք խոստացել ենք, որ կկապվենք Էկոնոմիկայի նախարարության հետ և կխնդրենք հանձնաժողով ստեղծել, որը կընդգրկի ինչպես մունիցիպալիտետի, այնպես էլ՝ նահանգապետարանի ներկայացուցիչներին: Մարդկանց, ովքեր օրինական ճանապարհով են տիրացել հողերին, մենք չենք կարող դիպչել, եթե դա նրանց սեփականությունն է կամ վարձակալված է: Բայց եթե լինեն դեպքեր, երբ տեղի է ունենում հողերի ապօրինի օգտագործում, ապա կառավարությունը կսահմանի վերահսկողություն այդ հողերի վրա: Յուրաքանչյուր ոք իրավունք կունենա օգտվել այդ հողատարածքից, և ոչ միայն որոշ արտոնյալ խմբեր: Հիմնականում խոսակցությունն այդ մասին էր», – ասաց Բեսիկ Ամիրանաշվիլին:

Ըստ Բեսիկ Ամիրանաշվիլիի, Գորելովկայի բնակիչների կողմից նաև խնդրանք է եղել տեղադրել արհեստական անհարթությունները կամ արագությունը սահմանափակող ճանապարհային այլ նշաններ, ինչպես նաև տեղադրել խելացի տեսախցիկներ և գազաֆիկացնել գյուղը:

«Որպեսզի Գորելովկայում մեքենաների արագ երթևեկություն չլինի, քանի որ այստեղ կա դպրոց և մանկապարտեզ: Այսպիսով, մենք կկապվենք ՆԳՆ-ի հետ: Արագությունը սահմանելու նպատակով խելացի տեսախցիկների տեղադրման համար մունիցիպալիտետը նույնպես պատրաստ է հատկացնել անհրաժեշտ միջոցներ: Մենք կտեղադրենք արհեստական անհարթություններ` հաշվի առնելով մեր քաղաքացիների շահերը: Մեր մարզում հիմնականում առկա է գազի մատակարարման խնդիրը: Կարող ենք ասել, որ մեր տարածաշրջանի կեսից ավելին գազաֆիկացված չէ: Ջավախքում այս խնդիրը շատ ավելի լավ է լուծված: Կարելի է ասել, որ Ջավախքում գազիֆիկացված է բնակչության ավելի քան 80%-ը: Ուրիշ շրջաններում խնդիրն առավել տեսանելի է: Ես այս հարցը կդնեմ կենտրոնական իշխանությունների առջև, որ այդ հարցը շատ կարևոր է մեր տարածաշրջանի համար», – ասաց նա: