Կրոնի հարցերի գործակալությունը թույլատրել է Տուրցխ, Կորխ, Օլավերդ, Վաչիան, Գոման գյուղերի երկերցեիների վերանորոգման և կառուցման աշխատանքները: Այս փուլում Ախալքալաքի քաղաքապետարանը նշված եկեղեցիների նախագծերը հաստատման է ներկայացրել Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալությանը:

Սամցխե-Ջավախքում Կրոնի հարցերի գործակալության ներկայացուցիչ Էլվարդ Զազաձեի խոսքով, գործակալությունն արդեն արտոնել է Ախալքալաքի շրջանի Տուրցխ, Կորխ, Օլավերդ և Գոման գյուղերի եկեղեցիների վերանորոգման, իսկ Վաչիանում եկեղեցու կառուցման աշխատանքները:

Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը Jnews-ի հետ զրույցում նշեց, որ թույլտվությունն ստանալուց հետո, քաղաքապետարանը Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության գործակալության հաստատմանն է ներկայացրել Կորխ, Վաչիան և Օլավերդ գյուղերի եկեղեցիների վերականգնման և կառուցման նախագծերը:

Այժմ վերոնշյալ գյուղերում սպասում են, որ Մշակութային ժառանգության պահպանության գործակալությունը հաստատի իրենց եկեղեցիների վերակառուցման նախագծերը, որպեսզի սկսեն աշխատանքները:

Հիշեցնենք, որ Կորխ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնողական աշխատանքները սկսվել էր մայիսի 10-ին, երբ գյուղացիները փորձել էին թույլտվություն ստանալ և չէին ստացել: Մի քանի տարի է նրանք գումար են հավաքում և որոշել են այս տարի սկսել շինարարությունը, քանի որ պատերն արդեն փլուզվում էին: Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը տեղեկանալով առանց թույլտվության վերականգնման մասին, արձագանքեց՝ նախազգուշացնելով, այնուհետեւ վարչական պատասխանատվության ենթարկել Յուրիկ Ծառուկյանին, ում տվյալները գրված է Կորխի բնակիչների անունից Գործակալությանն ուղղված նամակի մեջ: Այժմ աշխատանքները կասեցված են:

Բրատիսլավ Իգիթխանյան