Այսօր, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր հրաժեշտի խոսքն ուղղեց վիրահայությանը։

Սուրբ Գևորգ եկեղեցու բակում այսօր անցկացվեց տոլմայի փառատոն: Եկեղեցու բակը բազմամարդ էր: Կիրակնօրյա պատարագից հետո, Վիրահայոց թեմի առաջնորդն ընթերցեց իր հրաժեշտի խոսքը՝ ուղղված թեմի հոգևոր դասին և հավատացյալներին։

«Աստծու ողորմածությամբ անցնող 17 տարիների ընթացքում, հոգևոր սպասավորների, թեմի պաշտոնեության ու հավատացյալների մասնակցությամբ և մեր ազնիվ բարերարների աջակցությամբ, Վիրահայոց թեմում վերանորոգվեցին և կառուցվեցին տասնյակ եկեղեցիներ, որոնց շարքում՝ Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Թեմի համայնքներում տեղադրվեցին մի քանի տասնյակ հուշարձաններ և խաչքարեր, այդ թվում՝ մայրաքաղաք Թբիլիսիում ու Բաթումիում՝ նվիրված Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակների, Հայրենական Մեծ պատերազմում և Արցախի ազատագրման համար զոհված հայորդիների հիշատակին և Սարդարապատի հաղթանակի 100-րդ տարեդարձին»,- ասաց նա:

Իր խոսքում սրբազանը խոսեց իր ծառայության տարիների ընթացքում վիրահայության շրջանում տեղի ունեցած փոփոխությունների մասին, հայկական կենտրոնների, տարբեր խմբակների ստեղծման մասին։ Մեծ նշանակություն տվեց Հովհաննես Թումանյանի Թբիլիսյան տան ձեռքբերմանն ու տեղում գիտական, մշակութային կենտրոնի հիմնմանը։

«Իրականացվեց հրատարակչական գործունեություն, կյանքի կոչվեցին հազարավոր բազմաբնույթ միջոցառումներ, որոնք լայն տարածում գտան հավատացյալների շրջանում, իսկ որոշները ընդգրկվեցին Հայաստանի և Վրաստանի պետական ծրագրերում: Թեմը գործուն մասնակցություն է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում պետության կողմից կազմակերպված բազմաթիվ ծրագրերի: Վրաստանի ողջ տարածքում ազգային, մշակութային կյանքը հիմնականում կենտրոնացավ եկեղեցու շուրջ»:

Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոսեց նաև Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մասին, նշելով, որ փոխանորդությունում գործում են 48 եկեղեցիներ ու մատուռներ, ծառայություն են մատուցում տասներեք հոգևորականներ:

Վիրահայոց թեմի առաջնորդն իր հրաժեշտի խոսքն ավարտեց օրհնությամբ․

«Թող Ամենախնամ Աստծու օրհնությունը, սերն ու խաղաղությունը ու բարությունը լինի բոլորիդ։ Ամեն»։

Վիրահայոց թեմի առաջնորդը հեռանում է պաշտոնից

Ռիմա Մառանգոզյան