Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը Ախալքալաքի մունիցիպալիտետի Կորխ գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցում տարվող աշխատանքները որակում է որպես վանդալիզմ: Այս մասին Գործակալությունը գրում է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

«Շինարարական աշխատանքների նախաձեռնող Յուրիկ Ծառուկյանի և գյուղացիների ինքնակամ որոշման արդյունքում, XIX դարի եկեղեցու արտաքին տեսքը կտրուկ փոխվել է: Մշակութային ժառանգության հուշարձանի պատերը քանդվել են ուժով, եկեղեցու ճակատներից մեկը գրեթե ամբողջությամբ ավերվել է»,- ասվում է հաղորդագրությունում:

Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության աշխատակիցները մայիսի 10-ին տեղեկացել էին առանց թույլտվության աշխատանքների մասին: «Մշակութային ժառանգության մասին» Վրաստանի օրենքի 30-րդ հոդվածի հիման վրա, Գործակալությունը քաղաքացի Յուրի Ծառուկյանին գրավոր նախազգուշացում է ներկայացրել` պահանջելով կատարածը ուղղել և իրականացնել գործող օրենսդրությանը համապատասխան հետևյալ գործողությունները. Նա պարտավոր էր ապահովել հուշարձանի վրա տարվող բոլոր տեսակի աշխատանքների անմիջապես կասեցումը (բացառությամբ հիմքային աշխատանքների):

• Մասնագետների հսկողության ներքո, եկեղեցու հիմքը (պեղված տարածքում) պետք է ամրապնդվեր երկաթբետոնով: Զեկույցի համար գործընթացը պետք է տեսագրվեր:

• Մեկ ամսվա ընթացքում նա պետք է թույլտվություն ստանար Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունից (բացառությամբ հիմքային աշխատանքների) մնացած աշխատանքների համար:

Գործակալությունը գրում է, որ Յուրիկ Ծառուկյանն անտեսել է այս բոլոր կետերը՝ շինարարության համար թույլտվությունը ստանալու հարցում:

Արդյունքում, Գործակալությունը, «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» 88-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, մայիսի 21-ին կազմել է հաշվետվություն և Յուրիկ Ծառուկյանին տուգանել 5000 լարիով:

Գործակալությունը գրում է, որ իրենց ոչ պաշտոնական տեղեկատվությունների համաձայն, չնայած նախազգուշացումներին եւ տուգանքներին, առանց թույլտվության եկեղեցու վրա աշխատանքները շարունակվում են, որը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Գործակալության վերահսկիչ աշխատակիցները կքննարկեն իրավախախտման հնարավոր շարունակման փաստը: