«Գիրչի» կուսակցության նախաձեռնած «Մարիխուանայի օրինականացման փառատոնն» ավարտվեց նախքան մեկնարկելը:

Թբիլիսիի «Մայրենի լեզվի» այգու ամբողջ երկայնքով ոստիկանները կենդանի պատ են կազմել: Պաշտոնական տվյալներով ձերբակալված է 11 մարդ` այդ թվում կուսակցության հիմնադիր, նախագահի թեկնածու Զուրաբ Ջափարիձեն: Նախքան բերման ենթարկվելը Ջափարիձեն 3 գլանակ ծխախոտ է հանել, որն իր խոսքով մարիխուանա է եղել, ու նվիրել է հավաքվածներին: Սկանդալային քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր գործողությունն օրինախախտում էր, ու ոստիկանության համապատասխան արձագանքին ինքը սպասում էր:

«Մայրենի լեզվի» այգում Մարիխուանայի փառատոնի դեմ էր դուրս եկել քաղաքացիների մի մասը: Նրանց հայտարարությամբ, կանեփի օրինականացման փառատոնի կոնտրակցիան ծրագրել են սոցիալական ցանցերում: Այգում որդու հետ միասին եղել է նաև խորհրդարանի նախկին պատգամավոր Դիմիտրի Լորթքիփանիձեն և «Վրացական գաղափար»-ի ղեկավար Լևան Չաչուան: ««Մայրենի լեզվի ագին» երեխաների այգի է»,- հայտարարել է Լորթքիփանիձեն:

Հիշեցնենք՝ մինչ փառատոնի մեկնարկը քրեական ոստիկանությունը բերման էր ենթարկել նաև «Գիրչի» կուսակցության ներկայացուցիչներ Նիկա Օբոլաձեին ու ևս 2 աջակցի, ինչպես նաև կուսակցության առաջնորդներից երկուսին:

ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ Զուրաբ Ջափարիձեն ոստիկանության աշխատակիցներին ինքնակամ է հանձնվել: Ինչպես բացատրել են նախարարությունից՝ ելնելով նրանից, որ Ջափարիձեն նախագահի թեկնածու է, նրան առաջարկել են ինքնակամ հանձնվել, ինչին էլ վերջինս համաձայնել է:

«Գիրչիի» կողմից Մարիխուանայի փառատոն կազմակերպելու և փառատոնի շրջանակներում Մարիխուանան ապօրինաբար ձեռք բերելու, պահելու, իրացնելու փաստով Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության բաժանմունքում արդեն մի քանի օր է հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ մասերով:

Աղբյուրը՝ aliq.ge