Կարինե Օգանեսյանն այն սակավաթիվ ջավախքղիներից է, ով կարողացել է հաղթահարել Արարատի 5137 մետր բարձրությունը և բիբլիական լեռան գագաթին պարզել «Ջավախքից Արարատ» գրությունը:
Մեր հերոսուհին դեռ 18 տարեկանից սկսել է լեռներ բարձրանալ Թռիչք արշավական ակումբի հետ միասին։ Արարատ լեռ բարձրանալու միտքն էլ առաջացել է անցյալ տարի 2023 թվականի օգոստոսին, բայց իրականություն դարձել 2024 թվականի օգոստոս ամսին: Նշում է՝ մտահոգություններ, իհարկե եղել են, սակայն դրանք նրան չեն խանգարել բարձրանալ Արարատի գագաթը:
«Արարատ բարձրացա առանց իրենց հաստատ չէի գնա։ Ակումբի ուղեկցողները նույնպես ջավաքցիներ են, իրենք ու իմ մյուս ընկերները ինձ շատ են աջակցել: Երբ զգամ, որ ֆիզիկապես պատրաստ եմ, պլանավորում եմ բարձրանալ նաև Կազբեկի գագաթը»:
Զգացողություների մասին խոսելիս Կարինեն նշում է․ «Ամենասիրուն էմոցիաններն են՝ և գագաթին, և վերելքի ընթացքում, ամեն պահը փորձում ես զգալ, զգացի լավ մարդկանց աջակցությունը և ինքս իմ վախերին ու մտքերին հաղթելու կամք ունեցա»:
Արարատի գագաթ բարձրանալու մասին, Կարինեի շրջապատից քչերն են իմացել, նույնիսկ ծնողները տեղյակ չեն եղել։
«Ընտանիքիս հստակ չէի ասել, բոլորն իմացել են այն ժամանակ, երբ Արարատի 3200 մետր բարձրության վրա, ճամբարում եմ եղել»:
19 տարեկան Կարինե Օգանեսյանը Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղից է: Նախնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում, ապա բարձրագույն կրթությունը ցանկանալով ստանալ Հայաստանում ընդունվում է ՀՊՏՀ։ Այժմ երկրորդ կուրսի ուսանողուհի է: Կարինեն նաև ՏԵՐԵՄ հիմնադրամի համահիմնադիրներից է: ՏԵՐԵՄ-ը հայրենատեր նախագծերի աջակցության հիմնադրամ է, որը զբաղվում է Campaign և Project մենեջմենթով։
«Դեռ 17 տարեկանից աշխատել եմ Երևանում և այնպես դասավորվեց, որ ավելի կարևոր էր իմ գտնվելը Հայաստանում, դրա համար որոշեցի ուսումս շարունակել Հայաստանում։ Չեմ փոշմանել, կարծում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել, սակայն Ջավախքում տարածված կարծրատիպը թե ով գնում է Երևան սովորելու հետ չի վերադառնում, ինձ հետ չի պահի Ջավախք վերադառնալու մտքից», – նշում է Կարինեն: