Ավելի քան 230 վրացական հասարակական կազմակերպություններ դիմել են «օտարերկրյա գործակալների ռեգիստրում» գրանցվելու համար։ Այս մասին Վրաստանի արդարադատության նախարարության փոխղեկավար Թամար Տղեշելաշվիլին հայտարարել է Սահմանադրական դատարանի նիստում, որը քննարկում է Վրաստանի նախագահի, ընդդիմության, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հայցերն ընդդեմ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վերաբերյալ հայցերը։

«233 կազմակերպություն դիմել է Քաղաքացիական ռեգիստրի ազգային գործակալություն գրանցման համար»,- ասել է Տղեշելաշվիլին։

Միավորված հայցերի լսումները Սահմանադրական դատարանում կտևեն մինչև օգոստոսի 31-ը։ Նախօրեին կողմերը դատարանին ներկայացրել էին իրենց դիրքորոշումները։ Այսօրվա դատանիստին լսում են վկաներին։

Օրենքի կիրարկման մանրամասները պարզաբանելու համար կանչվել են արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։ Իր ելույթի ընթացքում Տղեշելաշվիլին կոչ է արել կազմակերպություններին պահպանել օրենքը՝ տուգանքներից խուսափելու համար՝ խոստանալով գերատեսչության կողմից ընթացակարգերի հետ կապված հնարավոր աջակցությունը։

«Օտարերկրյա գործակալների ռեգիստրը» պաշտոնապես կոչվում է «Օտարերկրյա ուժերի շահերը խթանող կազմակերպությունների ռեգիստր»։ Այն նախատեսված է ՀԿ-ների և ԶԼՄ-ների գրանցման և հաշվետվությունների ներկայացման համար, որոնց ավելի քան 20%-ը ֆինանսավորվում է արտերկրից։

Երկու հարյուրից ավելի ՀԿ-ներ դեռևս մինչև օրենքի ընդունումը հայտարարել էին, որ մտադիր չեն գրանցվել ռեգիստրում։

Սեպտեմբերի 2-ից Արդարադատության նախարարությունը կսկսի խուսափածների մոնիթորինգը։ Նրանք, ովքեր չեն գրանցվի, սպառնում է հազարավոր լարիի տուգանքներ:

Բացառված չէ, որ մինչ այս ժամկետը Սահմանադրական դատարանը կկասեցնի օրենքը։