Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ ընկերություն են ստեղծել՝ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային միջանցքի վրացական «Մարաբդա-Կարծախ» հատվածի կառավարման համար:
«BTKI Railways» կոչվող ձեռնարկության հիմնադիրները «Ադրբեջանի երկաթուղիների» և վրացական «Մարաբդա-Կարծախ» դուստր ձեռնարկություններն են։
Ըստ ադրբեջանական կողմի՝ նոր ընկերությունը պատասխանատու է լինելու Մարաբդա-Կարծախի հատվածում ենթակառուցվածքների շահագործման և կառավարման, ինչպես նաև ԲԹԿ-ով բեռնափոխադրումների արդյունավետ կազմակերպման և նոր բեռների ներգրավման համար։
«Այդ ձեռնարկության միջոցով Ադրբեջանի և Վրաստանի համատեղ ջանքերն ուղղված կլինեն նաև տարածաշրջանային տրանսպորտային կապերի, հատկապես Միջին միջանցքի ներուժի ամրապնդմանը», – նշել են «Ադրբեջանական երկաթուղիներ»-ից:
Այս տարվա մայիսին ավարտվել են ԲԹԿ վրացական հատվածի արդիականացման աշխատանքները։ Երկաթգծի թողունակությունը տարեկան 1 մլն տոննայից հասել է 5 մլն տոննայի։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Եվրոպան Ասիային կապող միջանցքի լոգիստիկ մաս է։ Նախագիծը հնարավորություն է տվել միավորել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային ցանցերը մեկ ընդհանուր տրանսպորտային միջանցքում։
Այս երկաթուղային գիծը փորձնական ռեժիմով գործում է 2017 թվականից։ ԲԹԿ-ի ընդհանուր երկարությունը մոտ 830 կմ է։