Ոստիկանությունը բերման է ենթարկել Լանչխութիի մունիցիպալիտետի 38-ամյա մի բնակչի՝ սպանություն կատարելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ սպանությունը կատարվել է օգոստոսի 8-ին՝ «փոխադարձ վիճաբանության հիման վրա»։ Մեղադրյալը 66-ամյա տղամարդուն «մարմնական վնասվածքներ» է հասցրել, որից հետո տղամարդը մահացել է։

«Tabula»-ն հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ նրա «ոսկորները կոտրվել են», և նա մահացել է կտտանքներից։ Մահացածի հարազատները պատմել են, որ մեղադրյալը բռնությունը նկարահանել է սմարթֆոն հեռախոսով։ Այս կադրերով, ինքն իբր եկել է ոստիկանություն՝ հայտնելու, որ մարդ է ծեծել։

Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել «տաք հետքերով ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում»։

«Tabula»-ն սպանությունը կապում է հողամասի շուրջ առաջած վիճաբանության հետ։ Ըստ չհաստատված տեղեկությունների՝ ձերբակալվածը նախկին զինվորական է։ Ընտանիքն ասում է, որ սպանության օրը տուժողը նրան հյուր է ընդունել իր ֆերմայում ու հյուրասիրել։

Հետաքննություն է սկսվել դիտավորյալ սպանության փաստով (Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդված)։ Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-ից 15 տարի ժամկետով։