Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ իրենք արդեն պատրաստել են տեխնիկական բազան, որն անհրաժեշտ էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հիման վրա հասարակական և լրատվական կազմակերպությունների գրանցման համար։
«Օգոստոսի 1-ից այս չափանիշներին համապատասխանող կազմակերպություններն արդեն կարող են դիմել գրանցվելու համար։ Ամեն ինչ պատրաստ է։ Եթե կազմակերպությունը չի կատարում օրենքով նախատեսված պահանջները, չի ենթարկվում Վրաստանի օրենսդրությանը, գիտեք, որ ենթարկվում է համապատասխան պատասխանատվության` 25 հազար լարի տուգանքի չափով»,- զգուշացրել է նախարարը։
Ռատի Բրեգաձեին հարց է ուղղել «Ֆորմուլա»-ի լրագրողը։ Վերջինս օրենքն անվանել է «Գործակալների մասին օրենք», Բրեգաձեն հակադարձել է, որ հարցին չի պատասխանի, քանի որ լրագրողն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի փոխարեն ասել է «Գործակալների մասին օրենք»։
Օրենքի ընդունումից հետո Եվրամիությունը դադարեցրեց Վրաստանին տրամադրվող օգնության մի մասը, իսկ ԱՄՆ-ն անորոշ ժամկետով հետաձգեց զորավարժությունները։