Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) սկսել է հարցումների կանչել Ուկրաինայում ռուսական բանակի դեմ կռված վրացի կամավորներին։Հուլիսի 9-ին Թբիլիսիի քաղաքային դատարանում մագիստրատ դատավորի ներկայությամբ հարցաքննվել է Լաշա Ճիղլաձեն։ Նա հակաօկուպացիոն շարժման ակտիվիստ է, որն աշխատում է Ցխինվալիի շրջանի հետ բաժանարար գծի մոտ։ Ըստ ԶԼՄ-ների՝ Ճիղլաձեն անցյալ տարի մասնակցել է Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Պարգևատրվել է արիության համար մեդալով։
Կառավարամետ «Իմեդի» հեռուստաալիքը հայտնում է, որ Ճիղլաձեի նկատմամբ հետաքննություն է անցկացվում կառավարությունը տապալելու դավադրության և «ահաբեկչության նախապատրաստման» համար։ Թե ինչ է ենթադրվում ձևակերպման երկրորդ մասը, անհասկանալի է։ Վրաստանի Քրեական օրենսգրքում նման հոդված չկա։
Գործը որակվել է որպես «գաղտնի». Ո՛չ Ճիղլաձեն, ո՛չ նրա փաստաբանը չեն կարող մանրամասների մասին խոսել։
«Ինձ ասացին, որ մեկ տարի առաջ հետաքննություն է սկսվել պետական հեղաշրջման հետ կապված, և դրա վերաբերյալ հարցեր են եղել… [Հարցրել են] երբ եմ գնացել, երբ եմ վերադարձել Ուկրաինայից։ Ընդհանուր հարցեր էին»,- ասել է Ճիղլաձեն ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքին տված մեկնաբանությունում։
Ճիղլաձեի փաստաբան Լաշա Տղեշելաձեն գործն անվանել է «ուղիղ քաղաքական»։
«Ես չեմ մանրամասնի այս գործը, բայց (…) կարող եմ տալ իմ գնահատականը։ Այս գործն աբսուրդային է, օրենքի հետ կապ չունի, իսկ Լաշան այսօր կանչվել է, քանի որ նա Ուկրաինայում կռվել է Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է Տղեշելաձեն։
Այսօր հակաօկուպացիոն շարժման մեկ այլ անդամ՝ Նադիմ Խմալաձեն, ով կռվել է Ուկրաինայում, ևս հայտարարել է հարցման կանչելու մասին։ Արդյո՞ք դա կապված է գործի հետ, որտեղ գլխավոր ֆիգուրանտը Ճիղլաձեն է՝ դեռևս հայտնի չէ։
«Ինձ՝ Նադիմ Խմալաձեիս, կանչում է Պետական անվտանգության ծառայությունը՝ պետական հեղաշրջման և ահաբեկչության մասին հոդվածների առթիվ»,- գրել է նա Facebook-ի իր էջում։
Առաջիկա օրերին Խմալաձեն ևս դատավորի ներկայությամբ կպատասխանի Պետական անվտանգության ծառայության հարցերին։
2023 թվականի սեպտեմբերին Պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց Վրաստանում իշխանությունը զավթելու նպատակով արտասահմանում կազմակերպված դավադրության բացահայտման մասին։ Հեղինակները ընդդիմադիր «Ազգային շարժման» առաջնորդներն էին, Ուկրաինայում գործող «Վրացական լեգեոնի» անդամները և ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներ։ Պլանը, ինչպես պնդում էին, Վրաստանում հեղափոխություն իրականացնելն էր ուկրաինական «Եվրամայդանի» օրինակով:
ՊԱԾ-ի տվյալներով՝ կատարողը պետք է դառնար «Ուկրաինայում կռվող վրացական ծագումով մարդկանց մի մեծ խումբ և շահագրգիռ կողմերի ազդեցության տակ վրաց երիտասարդների մի մասը, որոնց վերապատրաստումն իրականացվում է լեհ-ուկրաինական պետական սահմանի մոտակայքում»։
Գործը շարունակություն չստացավ: Միևնույն ժամանակ, «Վրացական երազանք»-ը պարբերաբար շեշտադրում էր այս պատմությունը՝ բացատրելով «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը։ Իշխանության մեջ գտնվող կուսակցության հայտարարություններում Պետական անվտանգության ծառայության երկիմաստ ձևակերպումն օտարերկրյա պետությունների մասին, որոնք իբր համակարգում և ֆինանսավորում են դավադիրներին, ուղղակիորեն փոխարինվել է ԵՄ-ով և ԱՄՆ-ով: