Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) գրանցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցն ընդդեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի։ Այս մասին տեղեկություն է տարածում ՍԴ մամուլի ծառայությունը։
Հայցի գրանցումը անհրաժեշտ պայման է գործը ՍԴ պլենումի նիստ ուղարկելու համար։
Զուրաբիշվիլին հուլիսի 15-ին հայց է ներկայացրել՝ պահանջելով չեղյալ համարել օրենքը։
Նրա կարծիքով, դա, մասնավորապես, հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի՝ իշխանության բոլոր թևերը, իրենց իրավասությունների շրջանակում, պետք է ամեն ինչ անեն երկիրը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրելու համար։
Գործով պատասխանողը լինելու է երկրի խորհրդարանը։
Գործն աննախադեպ է երկու պատճառով: Առաջին՝ Վրաստանի նախագահը երբեք չի դիմել Սահմանադրական դատարան։ Երկրորդ՝ մինչ այժմ եվրաինտեգրման հոդվածով բողոքներ չեն ստացվել։ Այս դրույթը երկրի հիմնական օրենք է մտցվել միայն 2017թ.-ին:
Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին, որ եթե դատարանը հայցն ընդունելի ճանաչի, դիմողներն օրենքի կասեցման մեխանիզմն ակտիվացնելու միտումով կարող են միջնորդություն ներկայացնել՝ մինչև վերջնական որոշման ընդունումը։
Զուրաբիշվիլիից հետո Վրաստանի ավելի քան 120 հասարակական կազմակերպություններ ևս հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել օրենքը։ Վարույթում դրա ընդունման մասին դեռևս չի հայտարարվել։
Չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց օրենքի նկատմամբ նախագահի վետոն, որը պաշտոնապես կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»: Այն ենթադրում է հատուկ ռեգիստրի ստեղծում և հռչակում է օտարերկրյա դրամաշնորհներ ստացող ոչ կառավարական և լրատվական կազմակերպություններին օտարերկրյա ազդեցության շահերը կրող։
ԵՄ-ն բազմիցս զգուշացրել է, որ օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ում հետագա առաջընթացի վերաբերյալ առաջարկություններին: Դրա մեկնարկին հաջորդած իրադարձությունները բերեցին նրան, որ Բրյուսելը հայտարարեց ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման դադարեցման մասին։ Միաժամանակ ԱՄՆ-ը հայտարարեց Վրաստանի հետ հարաբերությունների ամբողջական վերանայման մասին։