Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցն արդեն ներկայացվել է Սահմանադրական դատարան։ Այս տեղեկությունը InterPressNews-ին հաստատել են Վրաստանի Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունից։ Տարբեր կազմակերպություններ այս օրենքի դեմ հայցեր են նախապատրաստում Վրաստանի Սահմանադրական դատարանում և Ստրասբուրգի դատարանում։
Գործը վերաբերում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքին, որի առթիվ արդեն իսկ հայցը պատրաստվել և ներկայացվել է դատարան։
Ինչպես հայտարարել են Սահմանադրական դատարանում, լիազորված անձը եռօրյա ժամկետում կգրանցի հայցը, որից հետո այն կքննարկվի պլենումում։
«Դատարանի գրասենյակը փակվում է ժամը 19։00-ին։ Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտից մի քանի րոպե առաջ, գրասենյակը հայց է ստացել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիից՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի վերաբերյալ։ Լիազորված անձը եռօրյա ժամկետում կստուգի, հետո կգրանցի, վերջում էլ այն կքննարկվի դատարանի պլենումում»,- ասել են ՍԴ-ից։
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցն օրենքի վերաբերյալ արդեն պատրաստ է և կքննվի Սահմանադրական դատարանի կողմից։ Հայցում նախագահը պահանջում է կասեցնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը և վերջնական արդյունքում՝ չեղարկել այն:
«Այս օրենքը հակասահմանադրական է, այն հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին։ Հայցը վիճարկում է նաև մի շարք իրավական դրույթներ, որոնք խախտում են Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքները: Նախագահը պահանջում է կասեցնել օրենքը և վերջնական հաշվով՝ չեղյալ համարել այն»,- հայտարարել է նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեն։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի խախտմանը, որտեղ ասվում է, որ «Ինտեգրումը եվրոպական և եվրատլանտյան կառույցներին. «Սահմանադրական իշխանություններն իրենց լիազորությունների սահմաններում ձեռնարկում են բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին»։
Չնայած միջազգային գործընկերների կոչերին՝ մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նկատմամբ։ Օրենքը նախատեսում է ստեղծել հատուկ ռեգիստր, իսկ օտարերկրյա դրամաշնորհներ ստացող ՀԿ-ները ու ԶԼՄ-ները օտարերկրյա ազդեցության շահերը հետապնդող են հայտարարվում։
ԵՄ-ն բազմիցս զգուշացրել է, որ օրինագիծը չի համապատասխանում ԵՄ-ում հետագա առաջընթացի վերաբերյալ առաջարկություններին: Հետագա զարգացումները բերեցին նրան, որ Բրյուսելը հայտարարեց Վրաստանի ինտեգրման դադարեցման մասին։ Միաժամանակ ԱՄՆ-ը հայտարարեց Վրաստանի հետ հարաբերությունների ամբողջական վերանայման մասին։