Ինչ դեր է խաղացել ԵՄ ֆինանսավորումը Վրաստանում գյուղատնտեսության զարգացման գործում, գյուղատնտեսության զարգացման համար ինչպիսի աջակցություն է ստացել Ջավախքը, գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում, ENPARD-ի տարբեր փուլերից։ Jnews-ը փորձել է այս մասին տեղեկատվություն, նաև մեկնաբանություն հավաքել փորձագետից։
2014 թվականի հունիսին, «Եվրամիության և Վրաստանի միջև ասոցացման համաձայնագրի» ստորագրումից հետո, Եվրամիությունը սկսեց միջոցներ հատկացնել տարբեր ոլորտների բարեփոխումների համար։ Բարեփոխումների կարիք ունեցող ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն էր: Եվրոպական միության ֆինանսավորմամբ Վրաստանում մեկնարկեց ENPARD ծրագիրը՝ «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության և Վրաստանում գյուղական համայնքների զարգացման ծրագիր», որն իրականացվեց չորս փուլով։
ENPARD 1 – Այս ծրագրի շրջանակներում ստեղծվեցին կոոպերատիվներ: Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցվել է 29 կոոպերատիվ։ Այս ծրագրի առաջին փուլում դրամաշնորհ են ստացել Ախալքալաքի երկու կոոպերատիվ։ Խուլգումո գյուղից «Խուլգումո-2010»-ը 36 հազար լարի դրամաշնորհ է ստացել և այդ գումարով տրակտորներ է ձեռք բերել։ Երկրորդ կոոպերատիվը, «Հինգ աստղ 2010»-ը Կիրովական գյուղից, ստացել է 40 հազար լարի դրամաշնորհ, որով կոոպերատիվի անդամները ձեռք են բերել սերմացու կարտոֆիլ։
ENPARD-ի առաջին փուլի երկրորդ շրջափուլում պետությունը մոտոբլոկներ է տրամադրել բոլոր դիմած կոոպերատիվներին: Մոտոբլոկներն արժեցել են 3900 լարի, սակայն կոոպերատիվները վճարել են արժեքի միայն 23%-ը։
Այդ ժամանակ (2015թ.) Ախալքալաքի մունիցիպալիտետին հատկացվել է ավելի քան 25 մոտոբլոկ։
ENPARD 2 – Այս ծրագրի շրջանակներում, 2019 թվականին, գյուղական համայնքների զարգացման համար, ստեղծվեցին LAG-երը (Տեղական զարգացման խմբեր), այդ թվում՝ Ախալքալաքում: ENPARD2-ը Վրաստանում իրականացվեց Հասարակական կապերի գյուղատնտեսության զարգացման ինստիտուտի (GIPA) կողմից՝ Mercy Corps-ի, Elva-ի և West Cork-ի հետ համատեղ: Այս ծրագրով Ախալքալաքի մունիցիպալիտետում ֆինանսավորվեց 43 ծրագիր, այդ թվում՝ գյուղատնտեսական։ Ծրագիրը տևեց մինչև 2020 թվականի ապրիլ ամիսը, ծրագրի բյուջեն կազմել է 2 444 444 եվրո։
ENPARD 3 – Այս ծրագրի երրորդ փուլի շրջանակներում, FAO-ի և UNDP-ի միջոցով, հատկացվեց գյուղատնտեսական տեխնիկա, և ֆինանսավորվեցին բիզնես և սոցիալական ծրագրեր: Փուլը տևեց 2019 թվականից մինչև 2022 թվականը:
Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) ENPARD-3 ծրագրի շրջանակներում երեք տարվա ընթացքում Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում ֆինանսավորեց 56 ծրագիր 785,431 լարիի չափով։ Գյուղատնտեսական ծրագրերը ֆինանսավորվել են 40%-ով, իսկ 60%-ը եղել է ֆերմերի ինքնաֆինանսավորման մասնաբաժինը: Այս ծրագրով Ախալքալաքում և Նինոծմինդայում ձեռք է բերվել 47 տրակտոր և 66 հավելակցորդ՝ կուլտիվատորներ, խոտհնձիչներ, կցորդներ, կերախառնիչներ և այլն։
ENPARD3 ծրագիրն ավարտվեց 2022 թվականի վերջին և 2023 թվականին արդեն սկսվեց ENPARD4 ծրագիրը:
ENPARD 4-ն ընթացքի մեջ է, եռամյա ծրագրի (2023-2025թթ.) հիմնական դոնորը Եվրամիությունն է (2,398,720.69 ԱՄՆ դոլար / 2,250,000.00 եվրո): Ծրագրի ֆինանսավորման մեջ Իրենց ներդրումն ունեն Էստոնիան (42,643.92 ԱՄՆ դոլար /40,000 եվրո) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (149,786.78 ԱՄՆ դոլար /140,500 եվրո): ENPARD 4 ծրագիրը Ջավախքում չի իրականացվում:
ENPARD3 ծրագրի տարածաշրջանային համակարգողն էր Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը: Նրա խոսքով, 20 տարում (2006 թվականից) շատ բան է փոխվել ինչպես ֆերմերների, այնպես էլ ոչ կառավարական հատվածում։ ԵՄ-ն օգնել է Վրաստանում և Ջավախքում գյուղատնտեսությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին:
«Խորհրդային տարիներին կարտոֆիլը նեղ-նեղ ակոսներով էր ցանվում, և ֆերմերները չէին կարողանում այն մշակել եվրոպական չափանիշներով։ Նրանք չէին կարող օգտվել եվրոպական տեխնոլոգիաներից։ Նրանք Եվրամիությանը խնդրեցին վերազինել գյուղատնտեսությունը, այնտեղից էլ սկսեցին գումար հատկացնել տեխնիկայի համար։ Եվրամիությունն որոշ չափով օգնեց վերազինմանը: ԵՄ ծրագրով նրանք ոչ միայն վերազինեցին գյուղատնտեսությունը, այլեւ վերապատրաստեցին ֆերմերներին։ Դուք իսկապես կարող եք զգալ տարբերությունը 20 տարի առաջ և հիմա: Նրանք վերապատրաստեցին, վերազինեցին, ստանդարտներ ներդրեցին ոչ միայն կարտոֆիլի մշակման մեջ, այլ նաև ներմուծեցին HACCP ստանդարտներ հում կաթի վերամշակման գործարաններում, թռչնաբուծության և մսամթերքի խանութներում/մսի արդյունաբերության ձեռնարկություններում»,- ասաց Մախարե Մացուկատովը։